News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Մայր աթոռ սուրբ Էջմիածնում, այսօր` ապրիլի 4-ին, Գարեգին Բ Կաթողիկոսն ընդունել է Կիպրոսի ԱԳ նախարար Էրատո Կոզակու-Մարկուլիսին:

Մայր աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը Գարեգին Բ-ն անդրադարձել Հայաստանի եւ Կիպրոսի միջեւ երկկողմ բարեկամական հարաբերություններին, որոնց համար կարեւոր հիմք են ծառայում երկու ժողովուրդների դարավոր կապերը եւ հայ համայնքի պատմական ներկայությունը Կիպրոսում: Նա կարեւորել է Հայաստանի եւ Կիպրոսի համագործակցությունը միջազգային կառույցներում` ի խնդիր երկու ժողովուրդների շահերի պաշտպանության:

Այս առիթով Գարեգին Բ-ն շնորհակալություն է հայտնել Կիպրոսի կառավարությանը` հայ համայնքի հոգեւոր եւ ազգային կյանքի, կրթական ու մշակութային հաստատությունների հանդեպ մշտապես ցուցաբերվող ուշադրության համար:

Իր հերթին Կիպրոսի ԱԳ նախարարն անդրադարձել է հայ համայնքի դերակատարությանն երկրի կյանքում` ընդգծելով, որ հայ համայնքը հարստացնում է Կիպրոսն ու նրա մշակույթը եւ ամուր կամուրջ է հանդիսանում երկու ազգերի միջեւ:

Զրույցի ընթացքում Հայոց կաթողիկոսն ու Կիպրոսի ԱԳ նախարարը քննարկել են նաեւ Հյուսիսային Կիպրոսի գրավյալ տարածքում գտնվող, համամարդկային արժեք ներկայացնող քրիստոնեական սրբավայրերի մտահոգիչ վիճակը: Վերջում Գարեգին Բ-ն իր աղոթքն ու օրհնությունն է հղել Կիպրոսի ժողովրդին` մաղթելով, որ Կիպրոսի խնդիրն իր արդար լուծումը գտնի:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ