Աջակողմյան ղեկով մեքենաների վարորդների առաջարկներն արդեն ընդունվել են, որոշումն էլ հաստատվել է, նոր փոփոխություններ չեն իրականացվի։ Այդ մասին NEWS.am-ի թղթակցին ասել է տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը։

Հիշեցնենք, որ անցած շաբաթ աջ ղեկով մեքենաների վարորդները առաջարկների փաթեթ փոխանցեցին կառավարություն։ Նրանք սպասում են կառավարության պատասխանին, որից հետո կհստակեցնեն անելիքները։ Վարորդների առաջարկներից մեկն էլ վերաբերում էր աջակողմյան ղեկով մեքենաների ներմուծման սահմանափակման ժամկետի հետաձգմանը։ Ըստ որոշման՝ ներմուծումը սահմանափակվելու է ապրիլի 1–ից։

«Մինչեւ Նոր տարի ես եմ հանդիպել իրենց հետ, իրենք իրենց առաջարկությունները ներկայացրել են։ Ասել ենք՝ այն առաջարկները, որ կոնստրուկտիվ են, կվերանայենք, որը եղել է արդեն, եւ այդ ձեւով ներկայացվել է կառավարության նիստին եւ հաստատվել է։ Կառավարության որոշումն արդեն կա, շուտով կլինի հանձնարարություն օրենսդրական փոփոխություններ ներկայացնելու վերաբերյալ, կներկայացվի կառավարության հաջորդ նիստին, որից հետո Ազգային ժողով»,–մանրամասնեց Վահան Մարտիրոսյանը։

Դիտարկմանը՝ այսինքն նախարարությունը չի նահանջելու եւ առաջարկների փաթեթը հաշվի չի առնելու, նախարարը արձագանքեց. «Նրանց առաջարկությունները քննարկվել, հաշվի առնելով բոլոր առաջարկները՝ եկել ենք այս որոշման, նահանջի կամ հարձակման հարց չկա։ Հարցն այն է, որ արդեն իսկ ընդհանուր քննարկումների արդյունքում եկել ենք այս որոշման»։