ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հունվարի 19-ին, նախագահական նստավայրում ներկայացրել է Հանրապետական կուսակցության կողմից առաջադրած հանրապետության նախագահի թեկնածուի անունը: Նա Մեծ Բրիտանիայում եւ Իռլանդիայում ՀՀ դեսպան, ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանն է: Սերժ Սարգսյանը նախագահական նստավայրում ընդունել է Արմեն Սարգսյանին եւ առաջարկել է նրան դառնալ ՀՀ 4-րդ նախագահի թեկնածու՝ ՀՀԿ-ի կողմից։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մտավորականների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը նշել էր, որ ապագա նախագահը պետք է լինի անկողմնակալ մարդ, ով երբեք քաղաքականությամբ չի զբաղվել եւ կուսակցության անդամ չի եղել, հեղինակություն է վայելում Հայաստանում եւ դրա սահմաններից դուրս:

Նշենք, որ 2015 թվականի սահմանադրական փոփոխությունների արդյունքում Հայաստանն անցում է կատարում խորհրդարանական կառավարման համակարգի: Առաջին անգամ ՀՀ նախագահն ընտրվելու է ոչ թե համաժողովրդական ընտրությունների միջոցով, այլ Ազգային ժողովի կողմից: Նոր նախագահն ընտրվում է 7 տարի ժամանակով եւ իրավունք ունի միայն մեկ անգամ լինել նախագահ: 

Ըստ Սահմանադրության, ՀՀ նախագահ առաջադրելու իրավունք ունի ԱԺ պատգամավորների թվի 1/4-ը: նման հնարավորություն, ըստ էության ունեն միայն ՀՀԿ-ն եւ «Ծառուկյան» խմբակցությունը: Քանի որ «Ծառուկյան» խմբակցությունն արդեն հայտարարել է, որ իրենք թեկնածու չեն առաջադրելու, հետեւաբար, Արմեն Սարգսյանը կլինի ՀՀ նախագահի միակ թեկնածուն:

Ըստ նախնական տեղեկությունների, ՀՀ նախագահի ընտրությունն Ազգային ժողովում տեղի կունենա մարտի 2-ին, ընտրվելու համար Արմեն Սարգսյանը պետք է ստանա ձայների 3/4-ը (79 ձայն): 

Արմեն Սարգսյանը 65 տարեկան է. նա 1992-1996 թթ. եղել է ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար, ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում, 1993-1994 թթ.՝ ՀՀ գլխավոր դեսպան Եվրոպայում, ՀՀ դեսպան Եվրամիությունում: 1995-1996 թթ.՝ ՀՀ դեսպան Բելգիայում, Նիդերլանդներում, Վատիկանում, Լյուքսեմբուրգում: 1996 թվականի նոյեմբերից մինչեւ 1997 թ-ի փետրվար (4 ամիս) եղել է ՀՀ վարչապետ, 1998-2000 թվականներին՝ ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում: 2013 թվականի սեպտեմբերի 27-ին ՀՀ նախագահի հրամանագրով կրկին նշանակվել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան:

Ի՞նչ լիազորություններ է ունենալու ՀՀ 4-րդ նախագահը. ով կարող է զբաղեցնել այդ պաշտոնը եւ ով կարող է պաշտոնանկ անել նրան

Ե՞րբ Սերժ Սարգսյանը կլքի ՀՀ նախագահի աթոռը եւ երբ տեղի կունենան նոր նախագահի ու վարչապետի ընտրությունները

ՀՀԿ-ում համաձայնության են եկել 4-րդ նախագահի թեկնածուի շուրջ. Սերժ Սարգսյանը վաղը կհայտարարի նրա անունը

Գագիկ Ծառուկյանը չի բացառում, որ կսատարի ՀՀԿ-ի թեկնածուին նախագահի պաշտոնում

ՀՀԿ-ի նախագահի թեկնածուի օգտին քվեարկելու դիմաց ի՞նչ կստանա ԲՀԿ-ն

Նախագահի թեկնածուի օգտին քվեարկելու մի տարբերակ կա. Արամ Սարգսյան