Հուլիսի 20-ին Հայաստանի զորամասերից մեկի մարտական դիրքի դիտակետում մահացած է հայտնաբերվել ժամկետային զինծառայող Համիկ Վարդանյանը։ Նա մահացել է ճակատի շրջանում ստացած հրազենի վնասվածքից։ Համիկ Վարդանյանը Երևան քաղաքից էր, Սարի թաղի բնակիչ, նա ընտանիքի միակ զավակն էր։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանության հասցնելու հոդվածով։ 

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Ադրբեջանի հետ սահմանին վերջին օրերի լարվածությանը, նշել, որ անհանգստանալու առիթ չկա։ Նրա խոսքով՝ կրակոցները եղել են ոչ նպատակային, չթիրախավորված։ Նախիջևանի հետ կապ է հաստատվել, միջոցներ են ձեռնարկվում կրակոցների կրկնությունը թույլ չտալու համար։ Տոնոյանն անդրադարձել է նաև ռուսական սպառազինության, մասնավորապես, օդանավերի մատակարարման գործընթացին։ Տոնոյանը խոսել է նաև բանակում նոր որակի սննդի մատակարարման պիլոտային ծրագրի մասին, չի հերքել, որ զորամասերում սննդի կազմակերպումն իրականացնող ընկերության ղեկավարն իր մտերիմն է։ 

Իջևան քաղաքում տեղի ունեցած բողոքի ակցիայից հետո բերման ենթարկված անձանցից 13-ի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել, ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու, խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական շրջանակում։ Նրանցից 10-ը կալանավորվել են, մեկի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալը, երկուսի կալանքը փոխարինվել է գրավով։ 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գնում է տասնօրյա արձակուրդի, այդ ընթացքում նրան փոխարինելու է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Վարչապետը կվերադառնա արձակուրդից օգոստոսի 2-ին։ 

Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը շարունակում է ֆեյսբուքյան լայվերի միջոցով պայքարել մայրաքաղաքի աղբի դեմ։ Այսօր առավոտից նա այցելել է Երևանի մի քանի թաղամասեր, որտեղ մի քանի օր աղբահանություն չի իրականացվել, և ի նշան բողոքի՝ քաղաքապետ Հայկ Մարությանի նախընտրական պաստառները փակցրել աղբարկղներին՝ հիշեցնելով նրա նախընտրական խոստումները։ Աղեկյանը նաև պահանջել է, որ մայրաքաղաքի Կոմունալ վարչության պետը պետբյուջե վերադարձնի իր 840 հազար դրամ ստացած պարգևավճարը, քանի որ նա քաղաքի աղբահանության գործը տապալել է։ 

Դոլարը և եվրոն թանկացել են։ Դոլարի փոխարժեքը կազմել է 476, եվրոյինը՝ 535, բրիտանական ֆունտինը՝ 593, ռուբլունը՝ 7.56 դրամ։ 

Հայաստանում հուլիսի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Վաղվանից օդի ջերմաստիճանը կսկսի աստիճանաբար նվազել։ Երևանում առաջիկա գիշերը սպասվում է +25-ից +27, ցերեկը՝ +38-ից +40 աստիճան տաքություն։