Երեկ՝ օգոստոսի 13-ին, հակառակորդի կրակոցից վիրավորվել է 37-ամյա պայմանագրային զինծառայող։ Նա դեպքի օրը հերթապահություն է իրականացրել Գեղարքունիքի մարզի Վահան գյուղի մարտական դիրքում։ Վնասվածքը որովայնի շրջանում է։ Զինծառայողին բժշկական կենտրոնում վիրահատել են։ Կենտրոնի տնօրեն Արմենակ Մելքումյանը NEWS.am–ին հայտնել է, որ զինծառայողն իրենց մոտ է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակով։ Ավելի ուշ զինծառայողը տեղափոխվել է Երևան՝ Կենտրոնական զինվորական հոսպիտալ։

Քննչական կոմիտեն այսօր հրապարակեց Ամուլսարի հանքավայրի փորձաքննության վերջնական եզրակացությունը։ Փաստաթուղը բավականին ծավալուն է՝ 341 էջ, կազմել է միջազգային ընկերության փորձագետների խումբը՝ խոշոր հոնորարով։ Նրանց պետությունը վճարել է  մոտ 400 հազար դոլար։ Ըստ փորձաքննության արդյունքների՝ հավանականությունը շատ ցածր է, որ Ամուլսարի հանքի աղտոտված ջրերը ազդեցություն կունենան Ջերմուկի աղբյուրների վրա, քանի որ ստորգետնյա ջրերի հոսքի և աղտոտումը փոխանցելու ուղիներ առկա չեն:

Փորձաքննության արդյունքերը կողմնորոշել են նաեւ քննիչներին։ Շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու առերեւույթ դեպքով քրեական գործ էր հարուցվել, որը շարունակելու հիմքեր քննչական խումբն այլեւս չի տեսնում։

Վարչապետը այսօր նաեւ զբոսավար էր։ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում իր դստեր՝ Շուշանի հետ տուրիստական ավտոբուսում Երևանի հյուրերին ներկայացրել է քաղաքի պատմությունը՝ Արգիշտիից մինչեւ մեր օրեր: Այնուհետեև վարչապետը զբոսաշրջիկներին ընդունել է կառավարությունում եւ նվերներ բաժանել նրանց։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները 7-րդ գանգատն են ներկայացրել ՄԻԵԴ։ Հայկ Ալումյանը նշեց, որ  դեռեւս հունիսի 27-ին միջնորդություն են ներկայացրել Քոչարյանին գրավով կալանքից ազատ արձակելու համար։ Իրենց դիմումը սակայն առ այսօր չի քննվել, որն ըստ փաստաբանի՝ օրենքի խախտում։ Այս խնդրով էլ դիմել են Եվրոպական դատարան։ Ալումյանը նաեւ Քոչարյանի գործով պայմանավորեց Սահմանադրական դատարանի մասին օրենքը փոխելու նախաձեռնությունը։

Երեւանու ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը «Իմ աղբը» թեմայով ասուլիս էր հրավիրել քաղաքապետարանի շենքի առաջ։ Վարչապետի եւ քաղաքապետի երեկվա զրույցը նա համարեց շոումենի եւ նախկին լրագրողի փոքրիկ շոու, որտեղ քննարկվում էին հարցեր, որոնք պետք է վաղուց քննարկած ու լուծված լինեին։ Նա հայտարարեց, որ իրենց ոչ քաղաքական ակցիաները քանի որ վարչապետը համարեց քաղաքական, ուրեմն այսուհետեւ ինքն է կրելու պատասխանատվությունը։ Աղեկյանը պատրաստ է նաեւ զոհողության, ասաց՝ իրեն պետք չէ ասֆալտին փռել, ինքը կամավոր կփռվի ասֆալտին, եթե դրանով Երեւանի խնդիրները կլուծվեն։

Վարչապետի և քաղաքապետի զրույցից դժգոհ էր նաեւ «Սանիթեքը»՝ այդ զրույցի գլխավոր թեման։ Աղբահանող կազմակերպությունը հիշեցրել է, որ արդյունավետ բանակցություն նշանակում է նաեւ երկրորդ կողմի ներկայություն, այսինքն՝ իրենց։ Ըներությունը համախմբված զրպարտություն է անվանել իրենց ուղղված քննադատությունները եւ խոստացել է կետ առ կետ անդրադառնալ դրանց։

ՀՔԾ-ն պետական միջոցներ վատնելու կասկածանքով ձերբակալել է Արմեն Աշոտյանի վարորդին՝ Արամ Բարսեղյանին։ Աշոտյանը արձագանքել է ֆեյսբուքյան գրառմամբ, նշել, որ վարորդը նաեւ իր օգնական էր ու ընկերը։ Ըստ նրա՝ քանի որ չի ստացվել իր վրա գործ սարքել, անցել են իր շրջապատին։ Աշոտյանը հայտարարել է՝ «Իմ մտերիմ մարդու ձեռբակալությունը բացառապես քաղաքական է և ուղղակիորեն կապված է իմ անձի հետ: Իմ հնչեցրած փաստարկված քննադատությանն իշխանությունը պատասխանում է նման ցածր, էժան քայլերով՝ փորձելով ինձ լռեցնել իմ մերձավորների նկատմամբ քրեական հետապնդման միջոցով»։

Ղրղստանի նախկին նախագահի դիմադրությունը ճնշելուց եւ նրան ձերաբակալելուց հետո մեղադրանքները համալրվեցին նոր ավելի ծանր հոդվածներով՝ ինչպիսին են զանգվածային անկարգությունների կազմակերպումը, սպանությունը, սպանության փորձը, պատանդներ վերցնելը: Ղրղզստանի հատուկ ծառայությունների վարկածով՝  պետության նախկին ղեկավարը նաեւ պետական հեղաշրջում էր նախապատրաստում: Այս մեղադրանքնեը եթե հաստատվեն Աթամբաեւին սպառնում է ցմահ ազատազրկում։ Այսօր սակայն լրատվամիջոցները գրեցին, որ մի մեղադրանք հանվել է՝ նախկին նախագահը եւ նրա թիկնապահները որպես կասկածյալներ ներգրավված չեն սպանության գործում։ Հիշեցնենք, որ նրա տան գրոհի ժամանակ հատուկջոկատային էր սպանվել:

Դոլարի փոխարժեքն այսօր նվազել է՝  կազմելով 475 դրամ, եվրոն 531 դրամ է, բրիտանական ֆունտը՝ 574 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7 ու 29 դրամ:

Հայաստանում օգոստոսի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Շոգի գագաթնակետը սպասվում է ուրբաթ, որից հետո այն կնահանջի: Երեւանում առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +20+22, վաղը ցերեկը՝ +36+38: