Կորոնավիրուսից մահացածների թիվը Հայաստանում հասավ հինգի։ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում արձանագրվել է մահվան եւս մեկ դեպք, իր ֆեյսբուքյան էջում գրել է առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը։ 68-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ. նաեւ քրոնիկ հիվանդություններ:

Ապրիլի 2-ին՝ ժամը 11-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 92 նոր դեպք է գրանցվել, հայտնել է հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը: Ընդհանուր վարակվածների թիվը հասել է 663-ի: Ապաքինվել է 33 մարդ:

Այսօրվա տվյալներով՝ ծայրահեղ ծանր 5 պացիենտ կա, որոնք արհեստական շնչառության սարքավորման են միացված, նրանցից մեկը երիտասարդ է։ Այս մասին ասուլիսում հայտնել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Արսեն Թորոսյանի խոսքով՝ մահճակալներ են տեղադրվել ոչ միայն Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Բոլոր մարզերում առանձնացվել են մարզադահլիճներ, դահլիճներ, որոնք անհրաժեշտության դեպքում կվերածվեն հոսպիտալների՝ միջին ծանրության պացիենտների համար, գուցե նաեւ ծանր։

Կառավարության նիստում էլ առողջապահության նախարարը հայտնել է, որ այս պահին ունենք արդեն 16 հաստատություն, որտեղ պահվում են պացիենտները, նաեւ  այն քաղաքացիները, որոնք շփվել են հաստատված կոնտակտների հետ:

Կորոնավիրուսի 9 դեպք Կապանում, 8 դեպք՝ Մեղրիում. նշված է Սյունիքի մարզպետարանի ֆեյսբուքում  էջում։ Վարակի տարածման հետագա միտումը նվազեցնելու եւ տարածման շղթաները կոտրելու նպատակով՝ մարզպետարանը հորդորել է խստորեն հետեւել հանրապետությունում արտակարգ դրության պայմաններում պարետատան սահմանած սահմանափակումներին:

Այսօրվա դրությամբ Լոռու մարզում ունենք կորոնավիրուսով վարակվածության եւս 2 դեպք, Ֆեյսբուքում գրել է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը: Ըստ նրա՝ այդպիսով,  մարզում ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5-ի: Վարակվածների հետ շփում ունեցած կոնտակտավորների շրջանակը պարզված է, բոլորը մեկուսացված են, գրել է նա:

Աշխարհում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 47 հազար 314-ի: Վարակման հաստատված դեպքերի թիվը 938 հազար 923 է, 195 հազար 416 մարդ առողջացել է: Վիրուսի այդ տեսակը տարածվել է աշխարհի 203 երկրում: Վարակվածության բացարձակ թվով առաջին տեղում է Միացյալ նահանգները՝  215 հազար 344 դեպք, մահացության թվով՝ Իտալիան. 13 հազար 155 մահվան դեպք:

2016-ի ապրիլյան պատերազմի վերաբերյալ կան տարբեր գնահատականներ, բայց պատերազմը տվեց հարցերից ամենակարեւորի պատասխանը, այս մասին կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ ավելացրել. «Իսկ հարցը հետեւյալն էր, թե անկախության սերունդը որքանով է ի վիճակի պաշտպանել սեփական հայրենիքը»:

Նիկոլ Փաշինյանն առավոտյան է հարգանքի տուրք մատուցել ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների հիշատակին։ Նրան ուղեկցել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Վարչապետը ծաղիկներ է խոնարհել ապրիլյան պատերազմի զոհերի շիրիմներին, ծաղկեպսակ դրել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:

«Եռաբլուր» է այցելել եւ ապրիլյան պատերազմում նահատակված հերոսների հիշատակին հարգանքի և երախտագիտության տուրք է մատուցել նաեւ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Մինչեւ այդ նրա գրասենյակը հայտարարություն էր տարածել, որով նախկին նախագահը շնորհավորել էր արցախցիներին՝ մարտի 31-ի ընտրությունների առիթով եւ ընդգծել. Արցախի շահը վե՛ր է ամենից:

Թերեւս պայմանավորված կորոնավիրուսի համավարակով, պետության քաղաքական եւ հոգեւոր առաջնորդները Եռաբլուր են այցելել միմյանցից առանձին: Զինվորական պանթեոն Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է հայկական բանակի մի խումբ նախկին ժամկետային զինծառայողների հետ:

Եռաբլուր ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի այցելությունից հետո Մայր աթոռը տարածեց հայոց հայրապետի խոսքը. «Ապրիլի 2-ին այցելեցինք «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ մեր խոնարհումը բերելով 2016 թ. ապրիլյան պատերազմում զոհված հայորդիների հիշատակին և աղոթելով նրանց հոգիների հանգստության համար»:

Մի խնդրանք ունեմ մեր կառավարությունից, որ ապրիլի 2–ը հիշատակի օր նշանակեն, ինչպես, որ քաղաքացու օր կա, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասել է Ապրիլյան պատերազմում զոհված Գրիգոր Հարությունյանի մայրը՝ տիկին Անահիտը։ Նրա խոսքով՝ բոլոր զոհվածների ընտանիքներն էլ ինչ-որ բանի կարիք ունեն եւ ղեկավարությունը պետք է ուշադրություն դարձնի նրանց։

Չորս տարի առաջ մեր զինված ուժերը՝ ռազմի դաշտում և բռունցքված մեր ժողովուրդը` թիկունքում ևս մեկ անգամ վերահաստատեցին սեփական հայրենիքում ապրելու և արարելու իրենց անվիճելի իրավունքը: Այս մասին Instagram-ի իր միկրոբլոգում գրել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, եւ ընդգծել. «Վերահաստատեցին այն պարզ ճշմարտությունը, որ խաղաղություն չեն մուրում, այլ պարտադրում են: Ձեր կերտած հաղթանակը չի՛ վաճառվելու»:

Իտալիայից հատուկ չվերթով ժամանած եւ Դիլիջանում տեղակայված Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի տարածքում մեկուսացված քաղաքացիներն արդեն գնացել են տուն: Պաշտպանության նախարարության «Զինուժ» ծրագիրը պատմել է, որ քաղաքացիների հեռանալուց հետո վարժարանի տարածքը  Զինված ուժերի ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության ուժերի անձնակազմը մանրակրկիտ ախտահանել է:

Աղավնաձորում տեղակայված մեկուսարաններից մեկում 14 օր մեկուսանալուց և COVID-19-ի նկատմամբ թեստ հանձնելուց հետո, մեր կոնտակտավոր քաղաքացիների մի մասի մոտ արձանագրվել էր բացասական պատասխան: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է առողջապահության կազմակերպիչ Նարեկ Վանեսյանը, որը նաեւ տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են ծաղիկներ նվիրում մեկուսարաններից տուն գնացող քաղաքացիներին:

Կառավարությունն իր այսօրվա նիստում հաստատել է կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման իններորդ միջոցառումը: Միջոցառման շահառու են մինչեւ 18 տարեկան երեխա ունեցող այն ընտանիքները, որոնք համապատասխանում են մի շարք հանգամանքների: Դրանք հրապարակված են կառավարական կայքէջերում:

Երևանում հողին են հանձնել Արիանա Կաոիլիին՝ Հայաստանի առաջատար գրոսմայստեր, շախմատի աշխարհի կրկնակի  գավաթակիր Լեւոն Արոնյանի կնոջը։ Հուղարկավորությանը ներկա էին երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը, շախմատի Հայաստանի հավաքականի անդամներ։

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ նվազել է 0.46 դրամով եւ կազմել 504.50 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.45 դրամով ու կազմել  551.62 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքn աճել է 4.33 դրամով ու հասել  628.41 դրամի, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքn աճել է 0.03 դրամով ու կազմել 6.43 դրամ։

Ապրիլի 3-ին Հայաստանի մարզերի մեծ մասում եւ Երեւանում  ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատեւ անձրեւներ, տեղ-տեղ հնարավոր է ամպրոպ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում սպասվում է +5+7, վաղը ցերեկը՝ +15+17։