Արտահերթ խորհրդարանական ընտրությունների հիմնական խաղացողների շրջանակը, կարծես, ամբողջանում է։ Հանրապետականը մասնակցելու է արտահերթին, Սերժ Սարգսյանի վարած նիստից հետո հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

ՀՀԿ-ն՝ Արթուր Վանեցյանի գլխավորած «Հայրենիք» կուսակցության հետ սկսել է դաշինքի կազմավորման գործընթաց։ Ընտրացուցակի, ինչպես նաեւ Ռոբերտ Քոչարյանի հետ հնարավոր դաշինք ձեւավորելու հարցերը ՀՀԿ-ն չի քննարկել։

Սուրբ Աթոռում նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտարարել է, որ չի մասնակցելու սպասվող արտահերթ ընտրություններին։ Ըստ նրա՝ Հայաստանում հաստատված աղետն ու ճգնաժամն ընտրություններից հետո ոչ միայն չեն հանգուցալուծվելու, այլեւ ավելի են խորանալու։ 

Արտահերթ ընտրություններին անդրադարձել է նաև երկրորդ նախագահը։ Ռոբերտ Քոչարյանն աջակիցների հետ հանդիպմանը հայտարարել է՝ ընտրությունները թեթեւ չեն լինելու: https://news.am/arm/news/641583.html Իշխանությունը պետք է իմանա, որ ընտրությունները կեղծելու տակից դուրս չի գալու, ասել է երկրորդ նախագահը, նաեւ զգուշացրել իրավապահներին՝ օրինականությունը պահպանելու հարցում:

Նիկոլ Փաշինյանը երեկ կազանում հայտնվել է անհարմար վիճակում։ «Իզվեստիայի» լրագրողը մոտեցել է նրան միջանցքում ու անսպասելի հարց ուղղել՝ Տիգրան Ավինյանի մասին։ 

NEWS.am-ի տեղեկություններով՝ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը կարգապահական վարույթ է հարուցել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանի նկատմամբ։ Մամուլում շրջանառվում է տեղեկություն, որ կարգապահական վարույթի պատճառն այն է, որ դատավորը մերժել է կալանավորել «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին՝ «Աշոտ Երկաթին»։ 

Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը հայտնվել է նոր սկանդալում։ Լրատվամիջոցները հայտնում են, որ ապրիլի 22-ին նա իր եղբոր հետ վիճաբանություն է ունեցել Խաժակ Գևորգյանի և նա ընկերոջ հետ: Դեպքը տեղի է ունեցել թաղապետի առանձնատան մոտ։ Վիճաբանությունը այնուհետև վերածվել է ծեծկռտուքի, մասնակիցները փորձել են միջադեպը թաքցնել իրավապահներից, սակայն չի հաջողվել։ Ոստիկանությունում կատարվածի առնչությամբ նյութեր են նախապատրաստվում։ 

Այսօր հրդեհ է բռնկվել Մանկական երկաթուղում։ Թունելից տարածվող ծուխը բռնել է ամբողջ թաղամասը, այրվել են մալուխներ: Փրկարար ծառայությունից լրագրողներին ասել են՝ երեւի բարձր լարում է եղել, ջերմությունից կրակ է բռնկվել

Երևանում` COVID-19 սպասարկող բժշկական կենտրոններից մեկում գիշերը դժբախտ պատահար է տեղի ունեցել. 77-ամյա տղամարդը հիվանդասենյակի պատուհանից ցած է նետվել եւ մահացել: Նա ստացիոնարում բուժվել է ապրիլի 17-ից, վիճակը գնահատվել է միջին ծանրության: Հիվանդասենյակում եղել է կնոջ հետ, բուժման ընթացքում խնդիր չի եղել, հոգեկան շեղումներ չեն արձանագրվել: Ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները։ 

Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 536 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվն անցել է  216 հազարից: Մեկ օրում մահացել է 26 վարակակիր, նրանցից 5-ը՝ այլ հիվանդությունից։ Մահացածների ընդհանուր թիվը 5126 է: Այս պահին ծայրահեղ ծանր է 233 վարակված, ծանր՝ 962-ը։ Արցախում նախօրեին գրանցվել էր վերջին կես տարվա մեջ վիրուսից առաջին մահը։ 

ԱՄՆ դոլարի փոխարժեքը, նախորդ օրվա համեմատ աճելով 0.06 դրամով, հասել է 520.69 դրամի: Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.33 դրամով եւ կազմել  629.62 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 1.53 դրամով ու կազմել 724.02 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.06 դրամով  ու կազմել 6.95 դրամ

Մայիսի 1-ին եւ 2-ին երկրում սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 1-ի ցերեկը կնվազի 7-8 աստիճանով, հաջորդ օրերին նույնքան կբարձրանա: Երեւանում եւս սպասվում է կարճատև անձրև: Գիշերը մայրաքաղաքում կլինի 13-ից 15, վաղը ցերեկը 16-ից 18 աստիճան տաքություն։