News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

NEWS.am-ի տեղեկություններով՝ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը կարգապահական վարույթ է հարուցել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանի նկատմամբ։

Նշենք՝ մամուլում շրջանառվում է տեղեկություն, որ կարգապահական վարույթի պատճառը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի՝ ՀՀ արդարադատության նախարարին ներկայացված զեկուցագիրը՝ կապված «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի՝ «Աշոտ Երկաթի» գործով ԱԱԾ-ի կողմից ներկայացված՝ Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը մերժելու որոշումն է։

Այդ առնչությամբ մի շարք փաստաբաններ ֆեյսբուքյան իրենց էջերում աջակցում են դատավոր Հովհաննիսյանին։

Փաստաբան Արամ Վարդեւանյանը գրում է, որ դատավոր Հովհաննիսյանը պարզապես իրականացնում է արդարադատություն. «Նորություն չէ, որ դատավոր Հովհաննիսյանը քաղաքական պատվերներ չի կատարում, ինչը իհարկե այս իշխանության համար ահավոր ընդունելի չէ, Դատավոր Հովհաննիսյանը պարզապես իրականացնում է՝ արդարադատություն։ Այդ գործով դատական նիստը պետք է լիներ դռնբաց, որ բոլորի համար հասկանալի լիներ թե ինչ խայտառակ, ոչնինչ չներկայացնող միջնորդություն էր ներկայացվել եւ առհասարակ ինչ անհեթեթ, ապօրինի քրեական գործի մասին է խոսքը։ Այդ նիստը պետք է բաց լիներ, որ բոլորին պարզ լիներ, որ հենց Դատախազը նույնիսկ չէր տարբերում Կառավարության կառուցվածքը՝ Ազգային ժողովից ու դրանց առնչության բացակայությունը մեղսագրվող արարքներին։ Դատավոր Հովհաննիսյանի դատական ակտի դեմ ոչ ձեւական եւ ոչ էլ բովանդակային առարկություն հնարավոր չէր ներկայացնել՝ միակ տարբերակը այս իշխանությանը բնորոշ պրիմիտիվ հետապնդումն Է։ Իսկապես ամոթ Է։ Մեկ հանգամանքն է ինձ մտահոգում, որ հետագայում այս իշխանության ներկայացուցիչների գործերը պատահաբար մակագրվեն Դատավոր Հովհաննիսյանին, վերջինս նորից արդարադատություն է իրականացնելու… չնայած իրենց գործերը չպետք է այսպիսի դատավորների մակագրվեն»։

Փաստաբան Երվանդ Վարոսյանն էլ գրում է, որ Արման Հովհաննիսյանը ոչ միայն Հայաստանի լավագույն դատավորներից մեկն է, այլ նաեւ հայկական իրավագիտության ոլորտում շատ հազվադեպ հանդիպող իրական գիտնական.

«Պարզվում է Ռուստամը, դե էն որ Մուրադովը չէ, այլ Բադասյանն է, կարգապահական վարույթ է հարուցել դատավոր Արման Հովհաննիսյանի նկատմամբ։ Ռուստամին ու Նիկոլին դուր չի եկել դատավորի կայացրած որոշումներից մեկը։ Ընդ որում այն որոշումը, որ հետագայում բողոքարկվել է վերադաս ատյաններ ու մնում է օրինական ուժի մեջ։

Արման Հովհաննիսյանը ոչ միայն Հայաստանի լավագույն դատավորներից մեկն է, այլ նաեւ հայկական իրավագիտության ոլորտում շատ հազվադեպ հանդիպող իրական գիտնական։ Անշուշտ պարոն Հովհաննիսյանի կողմից կայացված դատական ակտերն այն աստիճան են գիտական առումով հիմնավորված, որ իրավաբանի դիպլոմը արական սեռի ծնողի բարձր պաշտոն ունենալու ժամանակահատվածում ստացած շատ անձինք, դրանք ընկալելու հետ կապված հնարավոր է խնդիրներ ունենան։

Ճանաչելով պարոն Հովհաննիսյանին, պատկերացնում եմ, թե նա ինչպես է լայն ժպտում վարույթ հարուցելու այդ որոշումը ընթերցելիս։ Ես էլ եմ ժպտում, քանի որ գիտեմ արդարության կայուն ջիղ ունեցող հայերին ոչ մի նման բանով չես կանգնեցնի, չես վախեցնի։

Իսկ այս պետականաքանդ խունտայի անդամները ոչ միայն չեն կարողանալու ավարտել Հայաստանի ապամոնտաժումը, այլ շատ շուտով երազելու է, որ իրենց վերաբերյալ գործերը մակագրվեն հատկապես դատավոր Արման Հովհաննիսյանին»։

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը նույնպես անդրադարձել այդ գործընթացին. «Ձեռքերդ հեռու՛ Դատավոր Արման Հովհաննիսյանից։

Արդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել նոր սերնդի լավագույն դատավորներից մեկի նկատմամբ։ Դատավորին ցանկանում են պատժել իշխանություններին «հետաքրքրող» կոնկրետ գործով անձին չկալանավորելու համար։

Ձեռքերդ հեռու՛ Դատավոր Արման Հովհաննիսյանից»։

Փաստաբան Հովսեփ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Հովհաննիսյանի նկատմամբ տեղի ունեցող այս գործընթացը մեղմ ասած՝ մեծագույն ստորություն է. «Դատավոր Արման Հովհաննիսյանը  իմ կամ այլ իրավաբանների օգնության կարիքը համենայնդեպս այս պահին հաստատապես չունի, բայց այն ինչ որ կատարվում է նրա դեմ կարգապահական վարույթի անվան տակ, մեղմ ասած մեծագույն ստորություն է, որի համար պատասխան տալու թե տեղը, թե ժամանակը գալու է: Դատավոր Արման Հովհաննիսյանին` արդարադատության իրականացման հարցում ճանաչողները կվկայեն նրա իրավունքի գիտության իմացության ու պրոֆեսիոնալ մոտեցումների,  իրավակիրառման, արդարամտության, մարդկային հատկանիշների  առավել քան բարձր որակների մասին:

Ցանկացած երկիր կերազեր Արման Հովհաննիսյանի նման դատական իշխանություն կրող դատավոր ունենալ»։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ