Կառավարության դիմաց այս պահին բողոքի ակցիա են իրականացնում անհետ կորած եւ գերի զինծառայողների հարազատները՝ իրենց դժգոհությունն արտահայտելով գերիների վերաբերյալ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի արած հայտարարությունների առնչությամբ:

Հարազատները զայրացած են ու պնդում են՝ ԱԺ նախագահի կողմից գերիներին դասալիք անվանելն անթույլատրելի եւ անընդունելի է:

Ժամեր առաջ «Դեժավյու» տելեգրամյան ալիքը տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը միջոցառումներից մեկի ժամանակ քաղաքացու հետ զրույցում ասում, թե գերիներն իր համար «արդեն չկան»: Լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ձայնագրությանն ու իր խոսքերին, Ալեն Սիմոնյանն ասել էր, թե կան զինվորներ և սպաներ, որոնք իրենց պարտականությունը չեն կատարել ու հայտնվել են գերության մեջ՝ ՀՀ սահմանը պաշտպանելու փոխարեն նախընտրել են հանձնվել։

Ավելի ուշ ԱԺ նախագահի խոսնակը հրապարակել է զրույցի ամբողջական սղագրությունը, ըստ որի եւ շրջանառվող ավելի ընդարձակ տեսանյութի՝ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով գերիների հարցին, ասել է.

«Եթե ես հիմա պետք է էդ գերիների պատճառով պիտի Սյունիք  կորցնեմ, եթե ես պիտի Սիսիան կորցնեմ, կներես, մի քիչ կարող է սխալ բան եմ ասում, բայց ես էդ գերիներին  համարում եմ, որ արդեն  իրենք չկան, իմ համար չկան:   Իսրայելը, երբ որ տեռորիստը վերցնում է ինքնաթիռ, ինքը տեռորիստի հետ չի բանակցում,  ինքը խփումա էդ ինքնաթիռը: Մենք պետք է հասկանանք՝ մի նժարի վրա ինչա դրած, իսկ  մյուսի վրա ինչա դրած: Այո, բնականաբար, մենք այդ տղերքին հետ ենք բերելու, դա չի քննարկվում: Բայց մենք չենք կարա ամբողջ Հայաստանը, Արցախը, ամբողջ հայությունը  պատանդ դնենք: Իսկ գիտե՞ս, թե ովքեր են էդ գերիները: Էդ էն մարդիկ են, որոնք  զենքը դրել եւ փախել են, մոլորվել են: Ես սա բարձր չեմ կարող ասել: Իրենք զենքը դրել եւ փախել են: Հայտնվել են գերության մեջ: Բնականաբար, մենք էդ տղերքին հետ ենք բերելու, դա չի քննարկվում: Էս մեր մեջա մնում, սա չբարձրաձայնեք խնդրում եմ ձեզ: Ես սա բարձրաձայն չեմ ասի, որովհետեւ նախ ծնողներին կվիրավորեմ եւ այլն, եւ այլն… Բայց մենք պետքա հասկանանք…»: