Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Քանի որ մոտենում է նախընտրական ցուցակներ կազմելու պահը, շուտով սկսվելու է «նեղանալու դարաշրջանը»։ Պարզ է, որ բոլորին առաջին տեղեր չես կարող «գցել», հավակնորդների մի մասն էլ «ռեյտինգային» (իսկ Հայաստանի պայմաններում՝ իրականում մեծամասնական) ցուցակներում ոչ մի շանս չունի։ Այստեղից պարտադիր ի հայտ է գալու «իմ նման հրաշք անձնավորությանը չեն գնահատում» միտքը, որն արտահայտվելու է հրապարակավ կամ հնչելու է «կադրից դուրս» եւ կանխորոշելու է շատերի վարքը։ Դա իր հերթին դրսեւորվելու է տարբեր այլ կուսակցություններ կամ ճամբարներ վազվզելու, ինչպես նաեւ նախկին ընկերների ու կուսակիցների հասցեին դառը խոսքեր ասելու մեջ։

Պաթոսը կլինի մոտավորապես հետեւյալը ՝ «ինչպե՞ս է հնարավոր, որ իմ մասշտաբի քաղաքական գործիչը, իմ հզոր մտավոր պոտենցիալն ունեցող մարդը պատգամավոր չդառնա»։ Դե, եթե պատգամավոր դառնալը կյանքի նպատակ է եւ կարեւոր չէ, թե ինչպես, ապա այդ հարցը միանգամայն տեղին է։

Քանի որ վերջերս նաեւ տեղի է ունեցել կառավարության փոփոխություն, ի հայտ են եկել նեղանալու զանազան այլ առիթներ։ Նախ՝ ինչ-որ մարդկանց հանել են աշխատանքից, եւ նրանք, իհարկե, ողջ հոգով ընդվզում են այդ «ճչացող անարդարության» դեմ։ Եթե նրանց նոր պաշտոն չտրվի, ապա այդ մարդիկ մնացած ողջ կյանքի ընթացքում նեղ կամ գուցե լայն շրջանակներում պատմելու են, թե ինչպես էին նրանք «ծաղկեցնում» այն ոլորտը, որն իրենց վստահվել էր, եւ ինչպես են «այս նորերն» այդ ոլորտն ապականում։ Իզուր, ոչ մի պաշտոն հավերժ չէ. եթե գիտես, թե ինչպես է պետք «ծաղկեցնել», ապա հանդիպիր քո իրավահաջորդին եւ առանձնազրույցի ժամանակ պատմիր նրան քո պատկերացումների մասին։ Եթե, իհարկե, նպատակը «ծաղկեցնելն է», ոչ թե սեփական ծառայությունների առիթով կուրծք ծեծելը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ