Reviews
Լրահոս
Reviews
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Ամերիկայի Միացյալ Նահանգներում տեղի ունեցած նախագահական ընտրություններն իրենց արդյունքներով բավականին հակասական էմոցիոնալ ֆոն են ստեղծել ամբողջ աշխարհում, եւ Հայաստանն էլ այս առումով բացառություն չէ: Էմոցիոնալ այդ ֆոնն, իհարկե, ժամանակի ընթացքում անպայմանորեն կհանդարտվի՝ իր տեղը զիջելով արդեն հարցերին, որ առաջանում են նախագահական ընտրությունների արդյունքներով՝ հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի հաղթանակով պայմանավորված:

Պետք է խոստովանել, որ սա, իհարկե, ոչ աներեւակայելի, սակայն ակնհայտորեն շատ քիչ սպասված արդյունք էր: Մյուս կողմից՝ նաեւ տպավորիչ արդյունք:

Ինչ է կատարվում կամ կատարվել ամերիկյան հասարակության հետ՝ թերեւս ամերիկյան հասարակության շահագրգիռ խմբերի քննարկելիք եւ վերլուծելիք խնդիրն է: Մեր խնդիրն է հասկանալ, թե ինչ է կատարվելու աշխարհում ամերիկյան ընտրության արդյունքներից, Թրամփի օդիոզ թեկնածության հաջողությունից հետո:

ԱՄՆ-ն այն պետությունն է, որտեղ նախագահի ընտրությունը որեւէ դեպքում անխուսափելի էական ազդեցություն է ունենալու եւ՛ համաշխարհային անվտանգության, եւ՛ տնտեսության, եւ՛ քաղաքականության համար: Իսկ Հայաստանն էլ մի երկիր է, որը գտնվում է այդ ուղղությամբ զարգացումների խաչմերուկ հանդիսացող տարածաշրջանում՝ ներառյալ մի շարք կարեւոր խնդիրներ:

Թրամփն ընկալվում է Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու կողմնակից, թեեւ ընդհանրապես ավելի ճիշտ է գոնե առայժմ եզրակացնել, որ արտաքին քաղաքականության առումով նա «մութ ձիուկ» է, որից առայժմ ոչինչ պարզ չէ:

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը հայտարարել է, որ անկախ ընտրությունից՝ ամերիկյան քաղաքականությունը հիմնական ուղղություններով կմնա անփոփոխ, եւ թերեւս 20 տոկոսով միայն հնարավոր են փոփոխություններ, որոնք, սակայն, կասկածի տակ չեն դնի այն, որ Հայաստանը ԱՄՆ բարեկամն է եւ գործընկերը:

Որքան էլ խոսք է գնում նոր նախագահի մասին, այնուհանդերձ՝ կարող ենք գործ ունենալ նաեւ պարզապես հանրապետական կառավարման վերադարձի հետ: Եվ սա էլ իր հերթին առաջացնում է հարցեր այն կապակցությամբ, թե այդ վերադարձը որքանով կլինի, օրինակ, Բուշի գլխավորությամբ Հանրապետական կառավարման վերջին քաղաքականության շարունակություն, կամ ինչ փոփոխություններ եղած կլինեն այդ հարցում դեմոկրատական «ընդմիջման» ութ տարիների ընթացքում:

Այսպիսով պետք է արձանագրել, որ Թրամփի ընտրությունն իսկապես առաջիկայում կարող է առաջ բերել անորոշության բավականին տեւական մի շրջան կամ առնվազն այդպիսի ռիսկ: Հայաստանը պետք է պատրաստ լինի դրան, այդ միջանկյալ շրջանում ժամանակավոր, գուցե, նոր մարտահրավերների աճին:

Սրան զուգահեռ, հարկ է անդրադառնալ նաեւ մի կարեւոր գործոնի՝ ամերիկահայության գործոնին: Այստեղ, իհարկե, ամերիկահայություն ասվածը հարաբերական եւ բազմաշերտ իրականություն է, սակայն բոլոր դեպքերում անկասկած է, որ ԱՄՆ հայությունը պետք է ձեռնամուխ լինի Թրամփի վարչակազմում Հայաստանի պետական շահի եւ անվտանգության խնդիրների ձեւակերպման ու մատուցման գործին, եւ շատ բան անկասկած կախված է հենց այդ հանգամանքից՝ հատկապես միջանկյալ հավանական ժամանակաշրջանում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ