Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ Գյումրիում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Հայաստանում մենաշնորհներ չկան, եւ ով ինչ ուզում է՝ կարող է ներկրել: Նա նաեւ բերել է օրինակ, թե ապրանքներից մեկի մասին ասվում էր, որ առկա է մենաշնորհ, սակայն այսօր այդ ապրանքից ներկրող այլ գործարար եւս կա: Հավանաբար, Կարեն Կարապետյանը նկատի ունի բանանը, որի վերաբերյալ մի քանի շաբաթ առաջ հայտարարություն էր տարածել Պետական եկամուտների կոմիտեն: Այդ հայտարարության մեջ ասվում էր, թե ինչ-որ գործարար ցանկացել է բանան ներկրել, սակայն անհայտ անձինք փորձել են խոչընդոտել, ինչից հետո ՊԵԿ-ը միջատել է եւ հնարավորություն տվել, ապահովել է, որ գործարարն անի իր գործը:

Ի՞նչ կարող է անել իշխանությունը, ինչ պետք է անի, որ վերջապես հավաստի եւ համոզիչ լինի այն, որ Հայաստանում չկա մենաշնորհ, եւ բոլորն ազատ կարող են ներկրել՝ ինչ ուզում են: Ի վերջո, մարդիկ շատ պարզ, հայերեն հայտարարում են, թե՝ գնացեք եւ ազատ ներկրեք, իսկ եթե որեւէ մեկը խոչընդոտի, ապա զանգահարեք մեզ:

Ամբողջ խնդիրը սակայն այն է, որ մարդիկ չեն հավատում: Չեն հավատում, որովհետեւ, օրինակ, այդ մարդիկ տեսել են, որ Հայաստանում եղել է հուլիսի 29-ի Սարի թաղ, որտեղ քաղաքացիական հագուստով ինչ-որ խաժամուժ հարձակվել է լրագրողների եւ քաղաքացիների վրա, սարսափելի ծեծի ենթարկել, բռնություն կիրառել, կա այդ ամենի լուսանկարների, տեսագրությունների ապացուցողական բազան՝ թե ովքեր են եղել այդ մարդիկ, ում թիկնապահները եւ այլն, սակայն չկան պատասխանատվության ենթարկվածներ, պատժվածներ:

Մարդիկ շատ անգամ են տեսել, թե ինչքանով են Հայաստանում տարբերվում իշխանության առաջին դեմքից մինչեւ վերջինը արվող հայտարարություններն ու իրականությունը, խոսքն ու գործը: Մարդիկ տեսել են եւ տեսնում են, հետեւաբար, նրանք ոչ միայն իրավունք ունեն չհավատալու եւ չվստահելու, այլ երեւի թե իրավունք չունեն հավատալու եւ վստահելու, քանի դեռ խնդիրների լուծմանն ուղղված իշխանության քայլերը ոչ միայն լիարժեք չեն, այլեւ չեն ենթադրում ամենապարզ ու սկզբնական գործողությունը` անուն առ անուն բացահայտել մարդկանց, ովքեր մենաշնորհ ունեն, եւ առավել եւս՝ ովքեր խոչընդոտել են որեւէ մեկին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ