Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Պետք է խոստովանեմ, որ ինձ չզվարճացրեց գեներալ Սեյրան Սարոյանի բարոյախրատական դասախոսությունը: Ես չեմ հասկանում, թե ինչու են «գեղջկական փիլիսոփայի» տգետ դատողություններն այդքան զվարճալի: Ո՞րն է «քյարթու», քարանձավային մտածելակերպի հումորը: Ինչո՞ւ պետք է սահմանափակ մտահորիզոնն ինքնին ծիծաղելի լինի:

Գեներալն իր ճառերն, ըստ ամենայնի, լուրջ էր արտասանում, ծաղրածուի դերին չէր հավակնում, բայց դա մատուցվում էր որպես հումոր, որը ես, ճիշտն ասած, չեմ հասկանում: Բայց հումորի զգացողությունն անհատական է, եւ ինչպես ճաշակին, այնպես էլ հումորին ընկեր չկա: 
Ինձ անհանգստացնում է մեկ այլ՝ ավելի հիմնարար խնդիր: Նման մարդկանց առաջարկած «դեղատոմսերը» (օրինակ՝ հարբելու, «մատ տալու եւ հետ տալու» մասին) ազդում են հասարակության վրա: Չեմ բացառում, որ ինձ նման մտածողը ինչ-որ մի միջավայրում «լավ տղա» երեւալու համար գուցեեւ փորձի խոսել գեներալի ձեւակերպումներով եւ բառապաշարով:

Իսկ հիմա պատկերացրեք, որ գեներալն ընկավ ինձ նման մարդկանց միջավայր, արդյոք նա կփորձի՞ ավելի զուսպ եւ մտածված խոսել: Իհարկե` ոչ: Ինչ է ստացվում՝ նրանք մեզ վրա ազդում են, իսկ մենք նրանց վրա բացարձակապես ազդեցություն չունենք:

Եվ այդպես է ոչ միայն «քյարթուիզմի» անզուսպ քարոզչության պարագայում: Այդպես է նաեւ ցանկացած քաղքենիական սահմանափակ մտածողության դեպքում: Մարդիկ ամենուրեք փնտրում են եւ գտնում են հազարումի արդարացում, թե ինչու են նրանք վատ քաղաքացի:

«Ես իմ «մարշրուտում» ռաբիս երաժշտություն եմ միացրել եւ ծխում եմ՝ բա էդ մեծահարուստները, որ Մանումենտ դղյակներ են սարքել, լա՞վ ա»: «Ես «գաիշնիկ» լինելով վարորդներից 5 հազար դրամ եմ կորզում, բա լա՞վ ա, որ ընտեղ վերեւներում միլիոններ են ուտում»: «Ես տղայիս բանակից փախցնում եմ, բա լա՞վ ա, որ էն օլիգարխների տղերքը չեն ծառայում»:

Եվ այս դեպքում է՛լ ավելի դժվար է նման մտածողությանը հակադրվելը, եւ երբ փողոցում կամ ֆեյսբուքում սկսվում են նման խոսակցությունները (իսկ դրանք իրականում անվերջանալի են), կարծես թե ավելի խելամիտ է լռելը կամ այս զանգվածի հետ «անարդարություններից» բողոքելը, քան քո սեփական կարծիքն ասելը:

Որովհետեւ նույնիսկ այն մարդիկ, որոնց մտավոր մակարդակը գեներալ Սեյրանից էապես բարձր է, կցանկանան հաճոյանալ մեծամասնությանը, լեզուն ճպճպացնել եւ ձեռքերը ծնկներին զարկել: Ես շարունակում եմ մտածել, որ եթե ես «իմ փայ» ապօրինությունը չանեմ, ապա ապօրինությունների թիվը երկրում 1/3 000 000-ով կպակասի: Ցավոք, ինձ հետ համաձայն է մի քանի հարյուր հոգի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ