Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Գործող նախագահ Սերժ Սարգսյանը թվարկել է այն հատկությունները, որոնցով պետք է օժտված լինի հաջորդ նախագահը, որի գործառույթները ամրագրված են նոր Սահմանադրությամբ:

Ինչ խոսք, Սերժ Սարգսյանի նշած չափանիշները կարեւոր են՝ լեզուներ իմանալը, ճանապարհ անցնելը, Հայաստանում եւ Սփյուռքում հեղինակություն, միջազգային կապեր ունենալը, անկողմնակալ, ապակուսակցական  լինելը (հավանաբար, դա՛ նկատի ուներ նախագահը, երբ խոսում էր քաղաքականությամբ չզբաղվելու մասին)՝ այդ ամենն, իհարկե, էական է:

Բայց եթե ես որոշեի, թե ով պետք է զբաղեցնի նախագահի պաշտոնը նոր՝ չափազանց սահմանափակ, բայց, միեւնույն է, պետության համար կարեւոր գործառույթներով, ես կմտածեի ավելի շուտ մարդկային հատկանիշների մասին:

Իշխանությունը Հայաստանում սիրված չի՝ այդպես է պատմականորեն դասավորվել, իհարկե, նաեւ իրենց՝ իշխանությունների մեղքով: Այդպես է եղել 25 տարի, եւ ես խիստ կասկածում եմ, որ 10 կամ 20 տարի հետո կլինի որեւէ կառավարություն, որի հասցեին Հայաստանի շարքային քաղաքացին չի ասի այն նույն բառերը, որոնք հնչում էին անցած քառորդ դարի ընթացքում:

Հիմա հնարավորություն կա ստեղծելու մի ինստիտուտ, որն այդ անեծքներից եւ հայհոյանքներից դուրս կլինի՝ մարդ, որին մեր քաղաքացիները սիրում եւ հարգում են այնպես, ինչպես վրացիներն են հարգում իրենց հոգեւոր առաջնորդին, կամ անգլիացիները՝ իրենց թագուհուն:

Բայց եթե նոր նախագահը լինի մեզ հայտնի «նոմենկլատուրայից»՝ «պադավատներ», «ախրանաներ», դղյակներ, բիզնեսներ եւ այլն, ապա նրան չի օգնի թեկուզ 10 լեզու իմանալը, միեւնույն է՝ նա ընկալվելու է որպես իշխանական բուրգի մի մաս եւ ոչ թե որեւէ լավ բանի խորհրդանիշ:

Դուք գուցե կասեք, որ մեզ ոչ  մի խորհրդանիշ էլ պետք չէ, մեզ պետք են պարզապես ազնիվ պաշտոնյաներ, ազնիվ ոստիկաններ, ազնիվ դատախազներ եւ այլն: Բայց երբ հասարակության զգալի մասը ձգտում է ոստիկան, դատախազ կամ դրա նման ինչ-որ մի բան դառնալու՝ հենց անազնիվ լինելու նպատակով, այդ պարագայում որեւէ մեկից «ազնվացնող» կախարդական փայտիկ պահանջելն իրատեսական չէ:

Անհրաժեշտ են պաշտոնյաներ, որոնք կհաստատեն մտածողության, աշխարհընկալման, վարքի նոր ստանդարտներ: Եվ այդպիսի «առաջին պաշտոնյա» կարող է լինել նոր լիազորություններով նախագահը: Ես պատկերացնում եմ նրան որպես ծայրահեղ համեստ, ծայրահեղ ժուժկալ, բայց իմաստուն մի մարդու, որը մշտական «ֆիզիկական» կապ է պահպանում հասարակ մարդկանց հետ: Իհարկե, ցանկալի է, որ այդ ամենը զուգակցվի այն արժանիքների հետ, որոնք նշել է Սերժ Սարգսյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ