Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Այո, կիրթ է, օժտված է բարձր ինտելեկտով, բազմաթիվ բնագավառներում խորը գիտելիքներ ունի, անկեղծ է, բայց…»: Այսպես է սկսվում նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին վերջին օրերին տրվող գնահատականների մեծ մասը: Ամենահետաքրքիրը, սակայն, սկսվում է «բայց»-ից հետո: Բայց նա գիտի՞ հայաստանյան իրականությունը, նա հասկանո՞ւմ է, թե ուր է ընկել, նա կկարողանա՞, եթե պետք լինի, հակադրվել մեր գելուգազանին: Կկարողանա՞, ի վերջո, մի բան փոխել:

Նախ՝ փոխելու մասին: Հայաստանում տարածված մոլորություն կա, որ ինչ-որ մեկը կարող է գալ եւ ամեն մեկիս կյանքը փոխել, դարձնել բարեկեցիկ եւ երջանիկ: Սակայն այդպիսի «բարի կախարդներ» գոյություն չունեն: Նույն անիմաստ հարցը («նա կկարողանա՞ մի բան անել») ինձ տալիս էին նաեւ մեկուկես տարի առաջ, երբ վարչապետ էր նշանակվել Կարեն Կարապետյանը: Չեմ կարծում, որ նրա կառավարությունը ոչ մի լավ բան չի արել. իհարկե, կարող էր անել ավելին: Բայց երբ մարդը հարցնում է՝ նա մի բան կանի՞, նկատի ունի կյանքի ինչ-որ ֆանտաստիկ, հեքիաթային վերափոխում, երբ այդ հարցը տվողը կսկսի ապրել մոտավորապես Սամվել Ալեքսանյանի կամ Գագիկ Ծառուկյանի նման, որովհետեւ «այդպես արդար է», իսկ մնացածը… դե, մնացածն իրենք գիտեն:

Նման հրաշք ոչ մի վարչապետ չի կարող գործել: Բայց երբ հիմա Արմեն Սարգսյանի մասին հարցնում են նաեւ՝ «նա հասկանո՞ւմ է, թե ուր է ընկել», գուցե ենթագիտակցաբար նկատի ունեն հետեւյալ՝ իրականում գոյություն ունեցող այլընտրանքը. կա՛մ դու խաղում ես Հայաստանի «վերնախավում» գոյություն ունեցող չգրված կանոններով եւ այդ դեպքում դառնում ես «նրանցից մեկը», կա՛մ էլ հրաժարվում ես խաղալ այդ կանոններով, եւ այդ դեպքում մեծ է վտանգը մարգինալ դառնալու կամ առնվազն մեկուսանալու:

Իհարկե, այդ այլընտրանքին կարելի է շատ գեղեցիկ պատասխան տալ՝ «մեզանում պետք է միայն մեկ կանոն լինի՝ Սահմանադրությունը»: Բայց դա զուտ տեսական դատողություն է՝ Հայաստանում (եւ, կարծում եմ, ոչ միայն Հայաստանում) նախարարի վարորդը երբեմն կարող է ավելի շատ «հարցեր լուծել», քան նախարարը: Իրավասությունների, գործառույթների շրջանակը գծվում է ոչ միայն աշխատանքի պաշտոնական նկարագրությամբ, այլ նաեւ ուժերի առկա հարաբերակցությամբ: Հետեւաբար Արմեն Սարգսյանի առջեւ կանգնած է դժվարին խնդիր՝ ձեռք բերել լիազորությունների այնպիսի շրջանակ, որպեսզի կարողանա իրականացնել իր բարի մտադրությունները, որոնց գոյությանը ոչ ոք, կարծես թե, չի կասկածում: Իհարկե, այդ խնդիրն իրականացնելու համար անհրաժեշտ է ունենալ պատշաճ տեղեկատվություն: Գուցե նաեւ ա՞յդ նպատակն ունեն նախագահի թեկնածուի հանդիպումները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ