«Ժառանգությունը» քննարկում է Դավիթ Հարությունյանի` ընտրությունների պատշաճ անցկացման քաղաքակիրթ մրցակցություն ապահովող կանոներ մշակելու վերաբերյալ քաղաքական ուժերին ուղղված առաջարկությունը եւ անհրաժեշտության դեպքում հանդես է գալու պատասխան առաջարկություններով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը:

«Մենք ողջունում ենք բոլոր այն նախաձեռնությունները, որոնք պետք է նպաստեն մեր պետությունում ազատ, նորմալ ընտրությունների անցկացմանը: Չի բացառվում, որ ինքներս էլ պատասխան առաջարկությամբ հանդես գանք, բայց նաեւ մտավախություն ունենք, որ որեւէ առաջարկություն կարող է իմիտիացիոն բնույթ կրել, ընտրությունների ազատ եւ արդար անցկացմանը նպաստելու փոխարենը, վնասել դրանց»,- ասաց նա` հավելելով, որ ցանկանում է ընդունել, որ այդ առաջարկությունը արված է անկեղծ եւ պետք է նպաստի ընտրությունների ազատ կայացմանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայ ազգային կոնգրեսը, «Բարգավաճ Հայաստան», ՀՅԴ եւ «Ժառանգություն» կուսակցություններն, ապրիլի 4-ին, ընտրությունների վերահսկման միասնական շտաբ ձեւավորելու մասին համաձայնագիր են ստորագրել: Քննարկմանը ներկա ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը չի միացել նախաձեռնությանը:

Փաստաթղթի տակ դրված են ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի, ԲՀԿ ներկայացուցիչ Վարդան Օսկանյանի, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի եւ «ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանի ստորագրությունները: Համաձայնագիրը բաց է առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերի համար:

Իսկ արդեն ապրիլի 5-ին, հայտարարություն է տարածել ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Դավիթ Հարությունյանը, ով ընտրություններին մասնակցող ուժերին առաջարկել է ընտրությունների պատշաճ անցկացման քաղաքակիրթ մրցակցություն ապահովող կանոներ մշակել: