Կանանց միամսյակի վերջին, իսկ տղամարդկանց 11-ամսյակի նախօրեն է: Այսօր` ապրիլի 7-ին` մայրության եւ գեղեցկությանը օրը, ավարտվում է մարտի 8-ից` կանանց միջազգային օրվանից մեկնարկած միամսյակը;
NEWS.am-ը հարցումներ է անցկացրել երեւանցիների շրջանում` խնդրելով նրանց ամփոփել միամսյակը, մասնավորապես` մեզ հետաքրքիր էր, թե կանայք գոհ են իրենց միամսյակից, ինչով այն տարբերվեց տարվա մյուս ամիսներից, եւ ինչքան վատնեցին տղամարդիկ` կանանց համար միամսյակը տոն դարձնելու համար:
Այսպես, հարցմանը մասնակցած տղամարդկանց գրպանը կանանց միամսյակին տարբեր չափով է թեթեւացել. ոմանք շատ են ծախսել, ոմանք` քիչ, ոմանք էլ` ընդհանրապես չեն ծախսել:
Օրինակ` հարցմանը մասնակցած Գարիկի համար միամսյակն արժեցել է «մեկ համբույր», իսկ 40-ամյա Աշոտը նշեց, որ իր մի հայացքն արժե 5000 դրամ, մի համբույրը` 500 դրամ, իսկ այդ միամսյակի ընթացքում 1000 համբույր եւ 200 հայացք է շռայլել կանանց:
Հարցմանը մասնակցած մյուս տղամարդկանց համար միամսյակի ծախսը հիմնականում ներառում է երկու օրվա` մարտի 8-ի եւ ապրիլի 7-ին նվերները: 43-ամյա Սուրենի դեպքում այդ երկու օրվա ծախսերը արժեցել են 40 հազար դրամ, 20-ամյա Դավիթը ծախսել է 30 հազար դրամ, 35-ամյա Աշոտը` 50 հազար դրամ, 32-ամյա Լեւոնը եւ 35-ամյա Վահեն` 100 հազարական դրամ, 31-ամյա Լեւոնը` 120 հազար դրամ: Եղան նաեւ համեմատաբար շատ ծախսած մարդիկ` 1500 դոլար, ինչպես նաեւ նրանք, որոնք որեւէ բան չէին ծախսել եւ նվերներ չէին գնել:
Ինչ վերաբերում է իգական սեռի ներկայացուցիչներին, մեր հարցմանը մասնակցած կանանցից մեծ մասը գոհ էր միամսյակից տարբեր պատճառներով: Հնչեցին ամենահավանական եւ անհավանական պատասխաններ` «Եղանակը տաքացավ, գարուն եկավ, լավ էր», «Խանութներում զեղչեր էին», «հիմնարկը փող տվեց»,«Նշանվում եմ», «Գտա իմ երկրորդ կեսին, սիրահարվեցի, ափսոս, որ խոստումը չկատարեց ու չփախցրեց» եւ այլն:
Իրենց միամսյակը տղամարդկանց եւ նրանց կողմից ակնկալվող անակնկալների հետ չկապող մի կին, ով նկարչուհի էր, խորհուրդ տվեց կյանքում ընդհանրապես ոչ մեկի, առավել եւս` տղամարդկանց հետ հույսեր չկապել: «Տղամարդիկ շատ փոքր են, որպեսզի ուրախացնեն կամ տխրեցնեն կանանց»,- նշեց նա` հավելելով, որ միամսյակը լավ չանցավ իր համար, աշխատանք չուներ, թեեւ չի հուսահատվում, «կաշխատի, լավ կլինի»:
Իգական սեռի մի շարք ներկայացուցիչների համար այս մեկ ամիսը ոչնչով չտարբերվեց տարվա մյուս ամիսներից, նրանց լավագույն դեպքում հիշել են մեկ օր` մարտի 8-ին եւ երեւի կհիշեն այսօր` ապրիլի 7-ին եւ նվիրել են ստանդարտ նվերներ` ծաղիկներ, օծանելիք եւ այլն: Նրանց չի բավարարել շրջապատող տղամարդկանց վերաբերմունքը, ուշադրությունը, անակնկալները եւ այլն: Հարցվածներից յուրաքանչյուրը իր բացատրությունը ուներ դրա համար` «կանայք էլ ուշադիր չեն տղամարդկանց հանդեպ», «տղամարդիկ պարզապես ժամանակ եւ ֆինանսներ չունեն», «հայ կանայք պահանջկոտ չեն,շատ հարմարվող են», «հայ տղամարդկանց մոտ բացակայում է կնոջը մեծարելու կուլտուրան» եւ այլն: Մի շարք կանայք բազմաթիվ ցանկություններ ունեին` կապված միամսյակի հետ, որոնք սակայն չիրականացան: Այնուհանդերձ, բոլոր հարցված կանայք միանշանակ պատրաստ են ներել տղամարդկանց միամսյակի ընթացքում իրենց արածների եւ չարածների համար:
Հարցվածների շարքում եղան նաեւ այնպիսի կանայք, ովքեր հայտարարեցին, որ շատ երջանիկ են, եւ տարին 12 ամիս տղամարդկանց ուշադրության կենտրոնում են, նրանք դժգոհ չէին նաեւ միամսյակին ստացած նվերներից:
Պատրաստեց` Ինգա Մարտինյան











