Երեւանի քույր քաղաք Քեմբրիջի (CYSCA) ասոցիացիան սկսում է միջոցների հավաքը Երեւանի Շենգավիթյան արգելոցում մ.թ.ա. IV–II հազարամյակի պատմության եւ մշակույթի  ընթացիկ ուսումնասիրմանն աջակցելու նպատակով:

Ինչպես հայտնում է  «The Armenian Weekly»-ն, հնագետ դոկտոր Միթչել Ս. Ռոթմանը, որը ղեկավարում է Փենսիլվանիա նահանգի Ուայնդերի համալսարանի մարդաբանության ամբիոնը, նախատեսում է  այս տարվա ամռանը Հայաստան վերադառնալ ամերիկյան հնագետների եւ ուսանողների խմբի հետ:

Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի Շենգավիթյան պատմահնագիտական թանգարան-արգելոցում  նրա թիմը հայ գործընկերների հետ կշարունակի անցյալ ամռանն սկսած աշխատանքը: Նրանք պետք է աշխատեն հնագույն քաղաքակրթության բացահայտման վրա, որը գոյություն է ունեցել այնտեղ մ.թ.ա. 4-րդ հազարամյակից սկսած: Դա եղել է դեռեւս նախքան Հայաստանի եւ տարածաշրջանի այլ ժողովուրդների ձեւավորումը, չնայած լայնորեն տարածված է այն կարծիքը, որ այն ժամանակ այնտեղ ապրող հանրությունը, հավանաբար, իր դերն է ունեցել հայ ժողովրդի կազմավորման գործում:

Պատասխանելով Շենգավիթի արգելոցի նշանակության մասին հարցին`Ռոթմանը ներկայացրել է հետեւյալ մեկնաբանությունները գլխավորող ասոցիացիայի անդամ Ջոզեֆ Դագդիգյանին.

«Արարատյան դաշտավայրի բլուրների վրա գտնվող Շենգավիթի տեղանքը հնագույն մշակույթի մնացորդների պահեստ է, որն անվանվել է Կուր-Արաքսյան, նախկինում` Վաղ Անդրկովկասյան, Քարազ, Պուլուր, Շենգավիթյան եւ այլն: Նրա ամբողջական ժամանակաշրջանը դեռեւս քննարկվում է, սակայն, հավանաբար, այն սկսվում է մոտավորապես մ.թ.ա. 3500 թվականին եւ ավարտվում մ.թ.ա. 2500-2200 թթ.: Այդ մշակույթի հայրենիքը Հարավային Կովկասում է` այժմյան Վրաստանում, Հայաստանում եւ Ադրբեջանում, ինչպես նաեւ Թուրքիայի հյուսիսարեւելյան մասում` Էրզրումից մինչեւ Կարսի նահանգ: Այդ մշակույթն ամբողջովին հասկանալու համար կարեւոր է հասկանալ նրա  տեղը ժամանակակից աշխարհում: Նրա սկիզբը համընկել է  Միջագետքի հարավային մասում առաջին պետությունների ձեւավորման եւ  առաջին միջազգային առեւտրային համակարգի ստեղծման հետ, որն ընդգրկում էր Պարսից ծոցից մինչեւ Հյուսիսային Կովկասի տարածքը` ժամանակակից արեւմտյան Իրանից մինչեւ Միջերկրական ծով: Հյուսիսային Կովկասում դա Մայկոպի ամենավաղ մշակույթների ժամանակաշրջանն է: Նրա ավարտը մոտ է հյուսիսային Միջագետքի աքադացիների առաջին ամբողջական կայսրության ստեղծման եւ անասնաբուծությամբ զբաղվող հասարակությունների գերակշռության ժամանակին, որոնք հայտնի էին Եվրասիայում իրենց կուրգաններով (քարե դամբարաններ): Այդ մշակույթը տարբերվում էր ուժեղ ավանդույթներով, որոնք մասնավորապես ներկայացված են բրուտագործական ձեռքի աշխատանքում` հաճախ դրոշմազարդերով եւ ռելիեֆային նախշերով: Առաջին անգամ մ.թ.ա. 3500 թվականին այդ առանձնահատկության նշանները կրող  գաղթյալները հայտնվել են  Վերին Եփրատի դաշտավայրում  (Մալաթիա) եւ մոտավորապես  մ.թ.ա. 3500 թվականից հետո տարածվել են Տավրոսի եւ Զագրոսի լեռներով, ինչպես նաեւ`  ժամանակակից Իսրայելի Հորդանանյան դաշտավայրի հյուսիսային մասում: Կուր-Արաքսյան հասարակությունների բնույթը յուրօրինակ է եւ առանձնանում է  Միջագետքինից կամ հարավում գտնվող արեւմտաիրանականից կամ էլ հյուսիսի մայկոպյաններից»: