«Save Թեղուտ» նախաձեռնության բնապահպանները տեսագրություն են տարածել, որում Թեղուտ գյուղի բնակչուհիներից մեկը պատմում է իր ընտանիքի հետ կատարվածը:

Ըստ բնապահպան Թեհմինե Ենոքյանի, Թեղուտ ՓԲԸ անվտանգության պետ Սամվել Դավթյանը, ով օրերս Թեղուտի գյուղացիներին ծեծի ենթարկողներից մեկն է, ամիսներ առաջ ցանկացել է գնել թեղուտցի ընտանիքի հողակտորը: Ընտանիքն ընդդիմացել է եւ հրաժարվել կատարել անվտանգության պետի ցանկությունները: Ամուսինն իր սեփական կամքով հրաժարականի դիմում է գրել եւ դուրս եկել աշխատանքից: Կինը վախեցած պատմում էր դեպքի մանրամասների մասին, միեւնույն ժամանակ ահազանգում էր, որ չի բացառվում իր տղային էլ նուն օրը գցեն, ինչ այն մեկին, ով այսօր հիվանդանոցում է: Տիկինը նաեւ նշեց, որ վախենում է` իր տղային էլ կհեռացնեն գործից: Նա չի բողոքել, ոչ մեկին չի դիմել:

«Հեռավոր գյուղերում ինֆորմացիոն տուպիկ է: Բողոքեն` կհեռացնեն գործից, չբողոքեն` ստիպված են տանել նմանատիպ կազմակերպությունների սպառնալիքները, խոշտանգումները: Առիթի դեպքում էլ` վախեցած պատմում են իրենց գլխով անցածը` միեւնույն ժամանակ չիմանալով վաղվա իրենց գլխի գալիքի մասին: Ինչպե՞ս վերահսկել նման կազամակերպությունների գործունեությունը Հայաստանում: Գյուղացիները իրենց իրավունքները պաշտպանելու ձեւը չգիտեն: Այսօր ահազանգեցին իրենց գյուղ ժամանած լրագրողիս, իսկ վաղը, որ նմանատիպ եւս մեկ դեպք գրանցվի իրենց իսկ գյուղում, իրենց իսկ հարազատի հետ, եւ մի գուցե նաեւ հենց իրենց երեխայի հետ, կկարողանա՞ն արդյոք գործել ինչպես ինքնորոշված քաղաքացիներ, պաշտպանել իրենց իրավունքները, պահանջել նման կազմակերպությունների ներկայացուցիչներից փոխադարձ հարգանք եւ ստիպեն հաշվի նստել իրենց կարծիքի հետ:

Այնուամենայնիվ, դժգոհությունների ալիքը սկսված է: Փորձը ցույց տվեց, որ Թեղուտցին ի զորու է իր իրավունքներին տեր կանգնել: Գյուղ կանգնի` գերան կկոտրի..»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ապրիլի 17-ի գիշերը  երեկոյան միջադեպ է տեղի ունեցել Լոռիի մարզի Թեղուտ գյուղում գյուղացիների եւ «Վալեքս»-ի անվտանգության աշխատակիցների միջեւ: «Էյ Սի Փի» ընկերության անվտանգության պետ Սամվել Դավթյանը եւս 4 աշխատակիցների հետ ծեծել են թեղուտցի 6 երիտասարդների, մամուլի հրապարակումների համաձայն միջադեպի պատճառը եղել է այն, որ երիտասարդներից մեկը մեքենայով անցել է անվտանգության աշխատակիցներից մեկի կողքով ու փոշի բարձրացրել: Թեղուտ գյուղի բնակիչների պատմելով, «Վալեքսի» անվտանգության աշխատակիցներն Ալավերդիից օգնության են կանչել կարատեիստների եւ 20 հոգով ծեծի ենթարկել 6 գյուղացիների: