Գյումրիում պետության կողմից բնակարանային փոխհատուցման ոչ ենթակա շուրջ 3500 անօթեւան ընտանիքների շարքում կան նաեւ այլ մարզերից Գյումրի տեղափոխված եւ տնակներում ապրող հարյուրավոր ընտանիքներ:
«Շիրակ Կենտրոնից» NEWS.am-ին հայտնում են, որ այդ ընտանիքներին բնակարաններով ապահովելու որեւէ ծրագիր դեռեւս նախատեսված չէ եւ անհայտ է, թե քանի տարի եւս նրանք կարող են գոյատեւել խոնավ եւ վաղուց շարքից դուրս եկած ժամանակավոր կացարաններում:
«Տնակային ավաններ մեր կատարած այցելություններն ու ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ գրեթե յուրաքանչյուր նման ծանր պայմաններում ապրող ընտանիքում կան խրոնիկական հիվանդությամբ տառապող երեխաներ, ինչն անշուշտ նաեւ բնակկոմունալ եւ կենցաղային վատ պայմանների ուղղակի հետեւանքն է:
Այդպիսի կարգավիճակում են հայտնվել նաեւ Գյումրիի Կոշտոյան 231/356 տնակում 9 անձով բնակվող Դրմեյանների ընտանիքը: Ընտանիքի անդամներից 4-ը անչափահաս են: Նախկինում այս ընտանիքը բնակվել է Արմավիրի մարզում: Ընտանիքի մոր` Ալինա Դրմեյանի խոսքերով, նրանց ավագ դուստրը փոքր հասակում տառապել է ալերգիկ հիվանդությամբ, ինչն առավել սրացել է Արմավիրում: Հիմնականում այդ պատճառով, դեռեւս 12 տարի առաջ նրանք տեղափոխվել են Գյումրի, որտեղ գնել են տնակ եւ բնակվում են մինչ օրս: Երկու տարի առաջ նրանք մեծ դժվարությամբ կարողացել են հաշվառվել Գյումրիի այդ տնակի հասցեում, ինչը հնարավորություն է տվել նրանց օգտվել սոցիալական նպաստից: Դրմեյանների ընտանիքի ավագ որդին` 22-ամյա Ալբերտը, 2 տարի առաջ, բանակից զորացրվելուց անմիջապես հետո մեկնել է Ռուսաստան արտագնա աշխատանքի: Ընտանիքի մայրը նշեց, որ որդին չի ցանկանում վերադառնալ` տնակում նույնիսկ քնելու տեղ չունենալու պատճառաբանությամբ»,-ասված է «Շիրակ Կնետրոնի» հաղորդագրության մեջ:











