«Տեսահոլովակների նպատակը ընտրությունների ընթացքում, մասնավորապես՝ ընտրության օրը ոստիկանության ծառայողների գործառույթները ներկայացնելն է, նաեւ ընտրողներին իրենց իրավունքներն ու պարտականությունները բացատրելը»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն՝ անդրադառնալով ընտրատեղամասերում ոստիկանի գործառույթների վերաբերյալ նկարահանված տեսահոլովակներին:

«Գաղտնիք չէ, որ բոլորը չգիտեն, թե ընտրատեղամասերում կամ տեղամաս մտնելիս ինչպե՞ս պետք է գործեն, օրենքով ի՞նչ ընթացակարգ է նախատեսված, հարցեր առաջանալիս ո՞ւմ օգնությանը պիտի դիմեն եւ այլն: Այդ չիմացությունը հաճախ թյուրիմացությունների տեղիք է տալիս, որոնք ավելի հեշտ է կանխել՝ նախապես բոլորի իրավունքներն ու պարտականությունները բացատրելով, քան՝ վերացնել տեղում: Այդ նպատակն են հետապնդում մեր ուսուցողական հոլովակները՝ պարզ, մատչելի, տեսանելի ներկայացնելով յուրաքանչյուրի անելիքը այդպիսի իրավիճակներում»:

Ի դեպ նշենք, որ ուսուցողական տեսահոլովակները աննախադեպ են, ինչից էլ ենթադրվում էր, որ դրանց ստեղծման գաղափարն ու ֆինանսավորումը միջազգային որեւէ ծրագրի շրջանակում է արվել: Սակայն Ոստիկանության լրատվության վարչության պետը վստահեցրեց, որ այն ոստիկնության նախաձեռնությունն է: «Տեսահոլովակների պատրաստումն ու հեռարձակումը որեւէ ծրագրի շրջանակում չէ: Իրականացվում է զուտ ոստիկանության նախաձեռնությամբ ու հնարավորություններով եւ բխում է ոստիկանության հանձնառությունից ու պատասխանատվությունից. այն է՝ ձեռնարկել բոլոր միջոցները ընտրատեղամասերի, ընտրողների, պատգամավորության թեկնածուների անվտանգությունն ապահովելու, իրավախախտումները կանխելու, անցանկալի միջադեպերը բացառելու, մեծ հաշվով՝ արդար, թափանցիկ, օրինակելի ընտրություններ ապահովելու համար»,- նշել է Ահարոնյանը: