Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի այցը գաղտնի պահելու մասին հայտարարությունները բացարձակապես անտեղի են։ Այս մասին ապրիլի 30-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ըստ նրա՝ գաղտնիության նորմերի պահպանումը թելադրված է նաև անվտանգային նկատառումներով։ Փաշինյանը հավելել է նաև, որ Հայաստանի փոխվարչապետը ևս այցելել է Ադրբեջան, և այնտեղ նույնպես պահպանվել են գաղտնիության այդ կանոնները։ «Իսկ լրատվական արտահոսքերը երբեք բացառել հնարավոր չէ։ Ադրբեջանի պարագայում չի եղել էդ արտահոսքը, Հայաստանի դեպքում եղել է», - նշել է Փաշինյանը։ Նրա գնահատմամբ՝ տեղի է ունեցել շատ կարևոր իրադարձություն։ Փաշինյանը ասել է, որ փոխվարչապետների փոխայցելությունները պատմական պահ են՝ խաղաղության գործընթացի ինստիտուցիոնալացման տեսանկյունից։

Նա ընդգծել է, որ երկրների միջև պետք է հաստատվեն բնականոն, իսկ երկարաժամկետ հեռանկարում նաև բարիդրացիական հարաբերություններ։ Նիկոլ Փաշինյանը վստահեցրել է նաև, որ Երևանի Հանրապետության հրապարակում կազմակերպված պարը որևէ կապ չի ունեցել Ադրբեջանի փոխվարչապետի այցի հետ։ «Երբ Ադրբեջանի փոխվարչապետը այցելում է Հայաստան՝ Հայաստանում պետք է կյանքը կանգնեցնե՞լ, որ մեկնաբանության տեղ չլիներ։ Ցանկացած միջազգային հյուրի մենք պետք է ընդունենք հնարավորինս լավ», - եզրափակել է նա։