Հույս ունեմ, որ այս գագաթնաժողովի շրջանակներում քննարկումների արդյունքները պատմական կլինեն միջազգային խաղաղության և անվտանգության համար։ Հաջողություն եմ մաղթում այս ճանապարհին։ Այս մասին մայիսի 4-ին Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի լիագումար նիստի ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ այս գագաթնաժողովը կարևոր է միջազգային համատեքստում, հատկապես հիմա, երբ աշխարհն առերեսվում է բազմաթիվ մարտահրավերների հետ՝ Ուկրաինայից մինչև Մերձավոր Արևելք։

Նա հիշեցրել է, որ առաջին անգամ Հայաստան են այցելել Հյուսիսային Մակեդոնիայի նախագահը, Բոսնիա և Հերցեգովինայի նախագահության նախագահը, Եվրոպական խորհրդարանի նախագահը, Միացյալ Թագավորության, Իսպանիայի, Իտալիայի, Խորվաթիայի, Իռլանդիայի, Անդորրայի, Ֆինլանդիայի, Էստոնիայի, Լյուքսեմբուրգի, Նորվեգիայի, Կոսովոյի, Սլովենիայի և Լիխտենշտեյնի վարչապետները։

«Սա ևս մեկ պատճառ է այս գագաթնաժողովը Հայաստանի համար պատմական անվանելու համար, էլ չասած այն մասին, որ մենք առաջին անգամ ենք նմանատիպ միջոցառում անցկացնում մեր երկրում։ Շնորհակալ եմ, որ դուք դարձաք Հայաստանի համար այս պատմության կերտողներից մեկը»,- նշել է Փաշինյանը։