Հայաստանում կայացած եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը ոչ ֆորմալ հավաք է, որը հիմնադրվել է Ուկրաինային օգնելու, ռուս-ուկրաինական հակամարտությանը արագ արձագանքելու նպատակով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյնաը։
«Այս գագաթնաժողովը և Ուկրաինական խնդիրը իրար հետ միաձուլված են, փոխկապակցված են, և պատահական չէր, որ այստեղ հայտնվեց նաև Ուկրաինայի նախագահ Զելենսկին», - ասաց նա։
Ինչո՞ւ Երևանում
Ստեփան Դանիելյանի կարծիքով` այս գագաթնաժողովը Հայաստանում է ակազմակերպվել գործող իշխանության խնդրանքով, ընտրություններից առաջ PR անելու նպատակով, իբր տեսեք՝ մենք գնում ենք Եվրոպա, Եվրոպան է եկել Հայաստան։ Եվ շատ մարդիկ դրան հավատում են, անտեսելով այն հետևանքները, որոնք Ուկրաինայում կամ Վրաստանում «Եվրոպա գնալու» պատճառով։
Ինչո՞ւ էր դա պետք Եվրոպային
Ըստ Ստեփան Դանիելյանի՝ կարելի է հասկանալ, թե ինչու էր դա պետք Մակրոնին։ Ֆրանսիան դարավոր պատմական կապեր ունի Հայասատանի հետ Կիլիկիայի թագավորությունից սկսած, և Մակրոնը այժմ պահպանում է այդ հարաբերությունը, հաշվի առնելով նաև հայկական համայնքի առկայությունը Ֆրանսիայում։ Բայց ինչո՞ւ էր դա պետք այլ երկրներին։ Ընդ որում, սա առաջին նման գագաթնաժողովն էր, որն անցկացվեց ոչ եվրոպական, ԵԱՏՄ և ՀԱՊԿ անդամ երկրում։
«Եվրոպական համայնքը մեսիջ էր ուղարկում Ռուսաստանին, ասում էր՝ նայի մենք եկել ենք հենց քո տարածքում, ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի երկրի տարածքում նման միջոցառում ենք անում։ Ընդ որում իրենք բացահայտ հակառուսական մեսիջներ էին տալիս։ Սա, կարծում եմ, նաև մեսիջ էր Միացյալ Նահանգներին, որովհետև Միացյալ Նահանգները այստեղ TRIPP-ի միջոցով փորձում են մտնել Կենտրոնական Ասիա, որը շատ կարևոր է հումքերի առումով։ Այսինքն, ասում են, նայեք, մենք հիմա եկանք, նաև Միացյալ Նահանգների հետ ենք մրցակցում, և հիմնական հարցը դրված է նաև այդ ճանապարհները՝ արևելք, արևմուտք։ Այսինքն, Միացյալ Նահանգները ուզում էր վերահսկել այդ ճանապարհը, իսկ այդ ճանապարհը Չինաստանից գնում է Եվրոպա Թուրքիայի միջոցով։ Հիմա ասում են, մենք էլ ենք եկել այստեղ», - ասաց նա։
Ի՞նչ շահեց Հայաստանը
Քաղաքագետի խոսքով, եթե խոսքը Հայաստանի ղեկավարի մասին է, ապա Նիկոլ Փաշինյանը վերընտրվելու խնդիր ունի, և եթե Հայաստանը հարվածներ ստանա Ռուսաստանից, իսկ դա շատ հավանական է, ապա դա իշխող խմբի համար կարևոր չէ։ «Այդ մարդու համար և այդ խմբի համար կարևորը իրենց վերարտադրվելու հարցն է, հետագայում վերարտադրվելուց հետո, ես կարծում եմ, այս վարչապետը հույս ունի, որ կգնա Ռուսաստանի նախագահի մոտ, մի հատ սպիտակ թուղթ կտա, տակը ստորագրած, կասի դու մնացածը գրի, ինչ ես ուզում, ես քեզ կտամ։ Այսինքն, խնդիրը լուծելուց հետո արդեն պետք է հակառակ պրոցեսը սկսվի», - ասաց նա։
Խոսելով այն մասին, թե կգնա՞ արդյոք Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին Մոսկվա, Ստեփան Դանիելյանը կարծիք հայտնեց, որ Փաշինյանը կարող է օգտագործել այդ հնարավորությունը Եվրոպական գագաթնաժողովը կոմպենսացնելու համար։
«Մենք պետք է հասկանանք, որ մի մարդու հետ գործ ունենք, որը որևէ սկզբունքներ չունի, նույնիսկ ոչ միայն սկզբունքներ, էթիկայի և էսթետիկայի կանոններ, սկսած արտաքինից, պահվածքից և նաև իր ամեն ինչով։ Այս մարդը որևէ սկզբունք չունի, ինքը այդ նշաձողերը իջեցրել է այնպիսի մակարդակի, որ արդեն դժվար է պատկերացնել, դրանից հետո էլ ինչքան կարելի է իջացնել։ Այսինքն այդ մարդը ամեն ինչի ընդունակ է», - ասաց նա։
Անիի կամուրջն ու հայ-թուրքական հարաբերությունները․ ինչո՞ւ սահմանը չի բացվում
Անդրադառնալով Անիի կամրջի բացման խնդրին, որի մասին մի քանի տարի է անընդհատ խոսվում է, և Երևանում անցկացված գագաթնաժողովի ժամանակ այդ մասին հերթական հուշագիրն է ստորագրվել, Ստեփան Դանիելյանը պարզաբանեց, որ թուրք պաշտոնյաները միշտ էլ հայ-թուրքական հարաբերությունները կապել են հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ։
«Այսինքն, Հայաստանի նկատմամբ որևէ քայլ կատարելուց իրենք պետք է ստանան Ադրբեջանի համաձայնությունը։ Ադրբեջանը չի ցանկանում, որպեսզի Հայաստան-Թուրքիա այնպիսի հարաբերություններ ստեղծվեն, որ Հայաստանը իր ազդեցությունից դուրս գա։ Թուրքական կողմը, ես կարծում եմ, եթե այդ հանգամանքը չլիներ, իրենք կցանկանային հարաբերություններ ստեղծել, սահմանը բացել և այլն։ Հիմա եթե իրական քայլեր հնարավոր չի անել, ապա մնում են սիմվոլիկ քայլերը։ Ասենք այդ կամուրջը պատմական կամուրջ է, իր վերանորոգելը կամ բացելը ինչ-որ խորհրդանիշ է, հայերի համար Անիի հետ կապված խորհրդանիշները կարևոր են, և սա խորհրդանիշների մակարդակում ինչ-որ քայլ է, բայց այդ քայլերը իրականում ոչ մի արդյունք չունեն»,- ասաց նա։
Եվրոպացիները իրենց խնդիրներն էին լուծում
Ըստ քաղաքագետի, ոչ մի իրական արդյունք չունեն նաև Երևանում անցկացված եվրոպական գագաթնաժողովները, և եթե դրանք տեղի չունենային, իրականում ոչինչ չէր փոխվի։
«Այսինքն քաղաքական կապիտալ Հայաստանը, ոչ թե իշխանությունը, չի ստանում: Ո՛չ քաղաքական կապիտալ, ո՛չ տնտեսական կապիտալ, ո՛չ կոմունիկացիոն, ո՛չ ինչ-որ տնտեսության զարգացում, անվտանգության հետ կապված, որովհետև բոլոր պայմանագրերում և Միացյալ Նահանգները և Եվրոպական Միությունը, իրենք շեշտում են, որ որևէ պարտավորություններ իրենց վրա չեն վերցնում։ Այդ բոլոր փաստաթղթերը, ըստ էության, հուշագրեր են, այսինքն ցանկությունների մասին ինչ-որ թուղթ են, որը ստորագրում են, բայց դա որևէ բան չի պարտադրում», - ասաց նա։
Ըստ նրա՝ այն ինչ որ Երևանում կատարվեց այս երկու-երեք օրը, դա թատրոն էր, շոու էր, որում ամեն մի մասնակից իր խնդիրն էր լուծում։
«Մակրոնը իր հերթին իր խնդիրն էր լուծում, որովհետև իր վարկանիշը Ֆրանսիայում շատ ցածր է, Ֆրանսիայում շատերը իրեն կլոուն են համարում, շոումեն են համարում, լուրջ չեն վերաբերվում, և ինքը նաև այս արտաքին իր ակտիվությամբ փորձում է ինչ-որ ազդեցություն ձեռք բերել գոնե արտաքին աշխարհում», - ասաց նա։
Քաղաքագետի խոսքով, իր երկրի համար ամենալավ մեսիջները ուղղեց Իլհամ Ալիևը, որը միացել էր գագաթնաժողովին օնլայն կապով։ «Նա ուղիղ ասաց, որ Եվրախորհրդի հետ կապված ինքը խնդիր ունի, սպառնաց, ասեց։ "Մենք դուրս կգանք համապատասխան հանձնաժողովներից և ասաց, որ այնտեղ երկակի ստանդարտներ կան Ադրբեջանի հետ կապված և 10-ից ավել ինչ-որ բանաձևեր են ընդունվել Ադրբեջանի դեմ կապված Հայաստանի հետ։ Ու նաև այդ եվրախորհրդին լավ քննադատելուց հետո անցավ Արցախին, Արցախի հայերին անջատողական համարեց, Բաքվի բանտում գտնվող մեր հայրենակիցներին պատերազմի հանցագործներ ու այդ ամեն ինչից հետո Հայաստանի ղեկավարը, Հայաստանի պաշտոնյաները որևէ խոսք չասեցին, փոխարենը Եվրախորհրդի պատիվը փորձեց բարձր պահել նրանց նախագահն, ասաց, մեր գործելաոճը չի փոխվել», - ասաց նա։ Հայկական կողմի լռությունը, ըստ նրա, հնարավորություն է տալիս Ալիևին հանդիմանել եվրոպական կառույցներին, ասելով՝ եթե Հայաստանի ղեկավարը լռում է, ձեր ինչ գործն է, որ դուք մտնում եք մեր հարաբերությունների մեջ։
Մանրամասները տեսանյութում։











