2500 մետր բարձրության վրա դեռևս չհալված ձյան շերտերն ու լեռնային ցուրտը չեն խոչընդոտում Հատիս լեռան գագաթին կառուցվող Հիսուս Քրիստոսի արձան համալիրի շինարարական աշխատանքներին։ Շինարարությունն այս օրերին գտնվում է ակտիվ փուլում, և նախաձեռնությանը միացել են ոչ միայն մասնագետներ, այլև կամավորներ տարբեր տարիքային խմբերից։

Այս անգամ շինարարներին միացել է մեր երկրի թոշակառուների մի մեծ խումբ։ Նրանցից շատերը վաղուց էին ցանկություն հայտնել դառնալ պատմական այս գործի մասնակից։ Նրանց խոսքով՝ նախաձեռնությունն ունի միավորող նշանակություն, և իրենք ցանկանում են իրենց ներդրումն ունենալ ազգային կարևոր այս ծրագրում։ Թոշակառուներից մեկը նշել է, որ առաջարկ ունի կազմակերպել ընդհանուր բարձրացում դեպի Հատիս՝ ընդգծելով, որ մինչև մայիսի 9-ը պատրաստ են միասին իրականացնել այդ նախաձեռնությունը։

Կամավորները հիշեցրել են, որ իրենց ցանկության մասին հայտնել էին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման ժամանակ, և այսօր այդ ցանկությունն արդեն իրականություն է դարձել։ Նրանց խոսքով՝ ինչպես բազմիցս նշվել է, ծրագիրը դարձել է միասնության և ազգային համերաշխության վերածննդի խորհրդանիշ, և արդեն իսկ մարդկանց համախմբում է մեկ գաղափարի շուրջ։

Հսկա համալիրի տարածքում զուգահեռ իրականացվում են նաև այլ շինարարական և մշակութային աշխատանքներ։ Կառուցվում է «Լույսի գանձատուն» ցուցասրահը, որտեղ այցելուներին ներկայացվելու են Քրիստոսի ծննդից մինչև քրիստոնեության ընդունումը պատկերող եռաչափ մոդելներ։ Նախագծի շրջանակում նախատեսվում է նաև լեռան վրա կառուցել տապանի կրկնօրինակ, որը խորհրդանշելու է վերածնունդը, միասնությունն ու փրկությունը։

Տարեց կամավորները մեծ ոգևորությամբ են մասնակցում աշխատանքներին։ Նրանցից շատերը նշում են, որ այստեղ գտնվելը նույնիսկ առողջական դրական ազդեցություն է ունեցել իրենց վրա։ Մեկը պատմել է, որ մինչ այցը խնդիրներ ուներ առողջության հետ, սակայն բարձրանալուց հետո իրեն զգում է ավելի լավ։ Մյուսները խոստովանում են, որ երկար տարիներ երազել են նման հնարավորության մասին և այժմ հուզմունքով են մասնակցում շինարարությանը։

«Սա հրաշք է, որ մեզ բախտ է վիճակվել այստեղ լինել և թեկուզ մի փոքր քար դնելով մասնակցել այս մեծ գործին»,– նշել է կամավորներից մեկը՝ հավելելով, որ իր համար մեծ պատիվ է դառնալ այս նախաձեռնության մասնակիցը։

Կազմակերպիչները ևս խրախուսում են կամավորների ներգրավվածությունը՝ նշելով, որ ցանկացողներին կարող են օգնել բարձրանալ գագաթ և իրենց ներդրումն ունենալ շինարարության մեջ։ Նրանք ընդգծում են, որ յուրաքանչյուր մասնակցի տրամադրվում է նաև խորհրդանշական հավաստագիր՝ ի նշան մասնակցության։

Հատիսի գագաթը հաղթահարել է անգամ սայլակով տեղաշարժվող մի տարեց տղամարդ, ով իր բարձրանալը բնութագրել է որպես երազանքի իրականացում։ Նրա խոսքով՝ լեռ բարձրանալիս շուրթերին աղոթք է եղել, իսկ նպատակը՝ անձամբ մասնակցել այս նախաձեռնությանը։

Շինարարության ընթացքի ընթացքում կամավորները մասնակցում են նաև գործնական աշխատանքների՝ շաղախ լցնելու, քարերի տեղադրման և այլ գործընթացների։ Նրանք նշում են, որ հատկապես տպավորիչ է այն փաստը, որ ապագա արձանը լինելու է աշխարհում ամենաբարձրերից մեկը, և արդեն իսկ հպարտությամբ են պատկերացնում իրենց մասնակցությունը այդ նախագծին։

Այցի ավարտին բոլոր կամավորները ստանում են մասնակցությունը հավաստող վկայականներ։ Օրվա վերջում, պահպանելով ավանդույթը, նրանք հավաքվում են մեկ սեղանի շուրջ, աղոթում և կիսում հացը՝ ամփոփելով իրենց օրը համախմբվածության և միասնականության մթնոլորտում։