Հայաստանի Հանրապետությունում իշխանությունների ձեռամբ այսօր փորձում են պատերազմի հիմնական պատասխանատվությունը գցել միայն բանակի վրա, այնինչ այդ պատասխանատվությունը կրում են իշխանության բոլոր թևերը: Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Բանակը հատկապես Արցախի պաշտպանության բանակն իր առջև դրված խնդիրը գոնե մեկ ամիս անընդմեջ հերոսաբար կատարել է, և հիմնական խնդիրը, հիմնական պրոբլեմը այն է եղել, որ ռազմաքաղաքական որոշումները չեն կարողացել ճիշտ ընթացք ստանալ և փակել այն ճեղքման ճանապարհը, որով հակառակորդը կարողացել է առաջխաղացում ունենալ», - ասաց նա։
Սեյրան Օհանյանը նշեց, որ արժանահատ չի համարում նաև քննիչ հանձնաժողովի գործունեությունը, որովհետև քննիչ հանձնաժողովը իր փոքր կազմով, որը բաղկացած էր միայն քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամներից, չէր կարող այդքան կարճ ժամանակահատվածում քննել այնպիսի մի կարևոր, խոշոր իրադարձություն, ինչպիսին 44-օրյա պատերազմի հանգամանքներն էին։ Բացի այդ, հանձնաժողովը չէր կարող ճիշտ գնահատական տալ իշխանության բոլոր թևերի գործունեությանը։
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին Սեյրան Օհանյանը խորհուրդ տվեց խոսել ոչ թե մարտի 1-ի մասին, որի գնահատականը վաղուց տրված է, այլ զբաղվել քննիչ հանձնաժողովի գործունեությամբ։
«Մենք առաջարկություն էինք արել, մեր առաջարկությունը հետևյալն էր․ Ազգային ժողովից դուրս համապատասխան օրենսդրական փոփոխությամբ ստեղծել համախոհությամբ հանձնաժողով, որտեղ պարիտետային կազմ կլիներ, և այսօր չէր լինի հետևյալը, որ դուք ձեր կուրծքն եք ծեծում, խուսափելով այս իրավիճակից, այս յոթ տարիների ընթացքում պատասխանատվությունից։ Իմ խնդիրը կայանում է նրանում, որ պատասխանատվության աստիճանը հավասարաչափ պետք է բաշխված լինի, ռազմավարական, ռազմաքաղաքական մակարդակից մինչև մարտավարական մակարդակ, ովքեր որ գործել են բանակում և բանակից դուրս», - ասաց նա։
Ընդդիմադիր խմբակցության ղեկավարը նշեց, որ ցանկանում է, որպեսզի բոլոր հանցագործները կրեն պատասխանատվություն։ Եվ առաջին հերթին Ադրբեջանը պետք է կրի այդ պատասխանատվությունը միջազգային հարթակնեերում։ Այնինչ այսօր այն սանձարձակ կերպով կարողանում է Արցախի տարածքում պատմամշակութային արժեքները ոչնչացնել, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ տարբեր հայտարարություններ անել, և Ալիևը օրումեջ խոսում է «Արևմտյան Ադրբեջան» ադրբեջանցիների վերադարձի մասին։
«Պատասխանատվություն պետք է կրեն, տիկին դատախազ, այն դիվանագետները, ովքեր որ ստացել են 2019 թվականի առաջարկությունը, ովքեր որ տապալել են բանակցային գործընթացը, ովքեր որ լռում են այն իրարամերժ խոսքից, գործերից․․․ Եվ 2019 թվականի փոխզիջումային տարբերակի այսպես ծալել, դնել տակը և այնուհետև պարզ, այսպես ասած, ձեռք առնել ողջ դիվանագիտական կորպուսին, որ մենք այդ փաստաթղթերը գտնում էինք տարբեր սառնարանների, չգիտեմ, տարբեր պահարանների տակ։ Եվ եթե գոնե մեկ դիվանագետ, պարոն Քոչարյան, պատասխանատվություն կրի, եթե քննիչ հանձնաժողովում դուք համապատասխան եզրակացություն կազմեք, և դա ներկայացնեք հանրությանը․․․ապա այդ դիվանագետը կասեր նաև, թե ով է տապալել և ով է ստիպել, որպեսզի այդ փաստաթուղթը 2019 թվականին ծալեն և դնեն իրենց տակը», - ասաց նա։
Ըստ նախկին պաշտպանության նախարարի՝ պատասխանատվություն պետք է կրեն պետական կառավարման այն մարդիկ, ովքեր որ բանակին թիկունք չեն կանգնել, բանակի մոբիլիզացիան չեն իրականացրել և չեն կարողացել ճիշտ գնահատական տալ, որոշել հակառակորդի գլխավոր հարվածի ուղղությունը։
Նա հարց ուղղեց դատախազին․ կա՞ն արդյոք քրեական գործեր, որոնցով անցնում են պատերազմում պարտության այլ պատասխանատուներ․ ոստիկանական այն ստորաբաժանումները, որոնք որ պատերազմի դաշտում հետնահանջ են ունեցել։ Նրա կարծիքով, պատասխանատվություն պետք է կրեն նաև այն մարդիկ, և դա է պահանջում ժողովուրդը, ովքեր որ խրախուսել են ամբողջ նահանջի ճանապարհը, և սա երկրի այսօրվա ղեկավարին է վերաբերվում ։
«Այսօր դուք ձեր գործունեությունը շատ հոյակապ կերպով եք ներկայացնում, բայց ինչ ուզում եք ասեք, թռնեք վերև, իջնեք ցած, հարգելի հայրենակիցներ, այսօրվա, այս ողբերգական վիճակի, Արցախի անկման համար պատասխանատու է այսօրվա իշխանությունը, որը որ փորձում է նորից մեղքը պատերազմի գցել բանակի վրա։ Չի կարող քննիչ հանձնաժողովը օբյեկտիվ արժանահավատ գնահատական տա այս պետությանը, որի գլխում կանգնած է մի անձնավորություն, որի ենթականներն են իրենք հանդիսանում», - ասաց նա։











