Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանի՝ մայիսի 7-ին հրավիրված մամուլի ասուլիսը մեկնարկեց նախընտրական քարոզչության կանոնները ներկայացնող տեսանյութի ցուցադրությամբ։

Նախքան լրագրողների հարցերին անցնելը, ԿԸՀ նախագահն առաջարկեց տարածել այդ տեսանյութը, որպեսզի հնարավորինս շատ մարդիկ իրազեկվեն լինեն դրա մասին։

Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե իրեն ասոցացնում են իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ՝ Հովակիմյանը, մասնավորապես, նշել է, որ արդեն երեքուկես տարի է՝ ղեկավարում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատանքները։ Այդուհանդերձ, նա վստահեցրել է, որ այդ ժամանակահատվածում պաշտոնական դիրքի կամ լիազորությունների չարաշահման որևէ դեպք չի եղել։

«Այո՛, ես ընտանիք ունեմ, մեծացել եմ ծառայողների ընտանիքում և որբ չեմ եղել։ Այո՛, ես շատ ընկերներ ունեմ և դաստիարակվել եմ «ազնիվ ապրելը բարոյական է» սկզբունքով»,- ասել է ԿԸՀ նախագահը։

Այն դիտարկմանը, թե արդյոք հավատարիմ կմնա այդ սկզբունքին իշխող ուժի կողմից ճնշումների դեպքում, թե՞ հրաժարական կտա, նա պատասխանել է. «Դուք խախտեցիք գործող իշխանության ներկայացուցիչների անմեղության կանխավարկածը՝ մեղադրելով նրանց ընտրությունների արդյունքները կեղծելու մտադրության մեջ։ Ո՛չ, ես թույլ չեմ տա որևէ մեկին կեղծիքներ իրականացնել։ Ինձ ընտրել են գործող խորհրդարանի պատգամավորները, և դեռ այն ժամանակ ես հայտարարել եմ, որ աշխատելու եմ հանուն Հայաստանի Հանրապետության, և որ ոչ մի ընտրություն չի կեղծվելու»։