Ակնհայտ է, որ ավելի վաղ Հայաստան ժամանած եվրոպացի առաջնորդներն ու պաշտոնյաները ցանկանում էին աջակցություն ցուցաբերել երկրի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին։ Այս մասին NEWS.am-ի հետ հարցազրույցում ասել է Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը․
Սակայն, նրա խոսքով, նրանք ժամանել էին ոչ այնքան Փաշինյանի, որքան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու մոտ, որին Հայաստանում պարզապես տրամադրել էին հարթակ հանդիպումների և ելույթների համար։
«Նա մեր տարածքն օգտագործեց Ռուսաստանի հասցեին սպառնալիքներ հնչեցնելու համար։ Ռուսաստանն էլ, իր հերթին, հանդես եկավ բավական կոշտ հայտարարությամբ։ Ընդ որում՝ այն ուղղված էր թե՛ նրա, թե՛ մեր հասցեին», - նշել է Խաչիկյանը։
Քաղաքագետի կարծիքով՝ եվրոպացիները պարզապես ցանկանում էին Հայաստանի տարածքում իրականացնել իրենց հերթական հակառուսական գործունեությունը՝ հետագայում դրանում ներգրավելով նաև պաշտոնական Երևանը։
Փաշինյանի վերընտրման հարցը, փորձագետի գնահատմամբ, նրանց համար ինչ-որ տեղ երրորդ պլանում էր։
«Հենց այս մարդն է հանձնում Հայաստանը։ Ընդ որում՝ մաս առ մաս։ Նա մեզ տանում է պատերազմի։ Նա մեզ ներքաշում է Ռուսաստանի և Արևմուտքի պատերազմում», - հայտնել է քաղաքագիտության դոկտորը։
Նա չի հավատում, որ Հայաստանը երբևէ կընդգրկվի «եվրոպական ընտանիքում»։ Իր խոսքերը հիմնավորելու համար փորձագետը բերել է մի շարք օրինակներ անցյալից։
«Մեզ որևէ կոնկրետ ժամկետ չեն նշում։ Թուրքիան Եվրոպական միության անդամակցությանն է սպասում արդեն 1987 թվականից։ Այսինքն՝ մոտ 40 տարի։ Մենք նրանցից առաջ այնտեղ չենք մտնի։ Առնվազն Հունգարիան դա թույլ չի տա», - պարզաբանել է Խաչիկյանը։
Քաղաքագետը նաև թերահավատորեն է վերաբերվում վիզային ռեժիմի ազատականացման հարցին։











