Հայաստանի գործող իշխանությունը նպատակաուղղված կերպով արժեզրկում է ազգային պատմության հերոսական էջերն ու մարտական հաղթանակները՝ սեփական անկարողությունն ու միակողմանի զիջումների քաղաքականությունն արդարացնելու համար։ Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Նա նշել է, որ եթե նախկինում մայիսի 9-ը փառապանծ եռատոն էր, ապա այսօր, «ապաշնորհ կառավարիչների» գործողությունների պատճառով, հայ ժողովուրդն ստիպված է այդ օրը դիմավորել խորը կսկիծով՝ Արցախի կորստի և Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների ֆոնին։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի վերջերս արած հայտարարությանը, թե Ղարաբաղյան շարժումն իբր «ճակատագրական սխալ» էր, Օհանյանն ընդգծել է, որ նման խոսքեր կարող է ասել միայն այն մարդը, ով ստի հիմքի վրա է կառուցել իր կառավարման սկզբունքը։ Նախկին նախարարը հիշեցրել է, որ 2018-ին նույն Փաշինյանը Ստեփանակերտում հայտարարում էր՝ «Արցախը Հայաստան է, և վե՛րջ»՝ պնդելով, թե հեղափոխությունը նոր հեռանկարներ է բացում Արցախի ինքնորոշման համար, սակայն գործնականում ոչինչ չի արել նրա անվտանգությունը պաշտպանելու համար։

«Փաշինյանը ոչինչ է կամ ոչնչություն է, որպեսզի որոշի Արցախի ժողովրդի կողմից իրականացված այն ամբողջ պայքարը, որը եղել է ինքնորոշման համար, իր ինքնության պահպանման համար։ Դե ֆակտո Արցախը եղել է ինքնորոշված, եղել է հայկական, Արցախը ՀՀ-ի հետ միասին իր կարողացել է ապահովել իր անվտանգ և կայուն զարգացումը։ 2022 թվականին Պրահայում ինքը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը», – ընդգծել է քաղաքական գործիչը։

Սեյրան Օհանյանին հատկապես զայրացրել էին վարչապետի այն փորձերը, որոնցով վերջինս 44-օրյա պատերազմի պարտության ողջ մեղքը փորձում էր բարդել բացառապես բանակի ու գեներալիտետի վրա։ Պաշտպանական գերատեսչության նախկին ղեկավարը նշել է, որ հենց երկրի ղեկավարությունն է ձախողել զորահավաքը, թեև ինքն անձամբ Փաշինյանին ներկայացրել էր պաշտպանության կազմակերպման 38 կետից բաղկացած ծրագիրը։

Օհանյանն ընդգծել է, որ իշխանությունները ոչ մի քայլ չեն ձեռնարկել ռազմական գործողությունների գոտում կարգուկանոն հաստատելու համար, իսկ հիմա իրենց թույլ են տալիս անհիմն մեղադրանքներ հնչեցնել զինվորականների հասցեին, այնինչ հենց պատերազմի ժամանակ նույն մարդկանց շռայլորեն կոչումներ ու պարգևներ էին բաժանում։ «Եթե ասում է, թե գեներալները փախել են, թող անուններ տա։ Իրականում առաջին խաչողը հենց Նիկոլ Փաշինյանն, քանի որ չի կատարել իր ուղղակի պարտականությունները՝ սահմանների պաշտպանության ու բանակը համալրելու հարցում»,- հավելել է նախկին նախարարը»։

Ամփոփելով իր ելույթը՝ Սեյրան Օհանյանը քաղաքացիներին կոչ արեց գիտակցել ներկայիս կուրսի ողբերգականությունը և սպասվող ընտրություններում թույլ չտալ գործող իշխանության վերարտադրությունը։ Նա նշել է, որ Փաշինյանն այսօր Ալիևի և Էրդողանի հետ փաստացի ձևավորում է «պատերազմի եռագլուխ կուսակցություն», որի նպատակը հայկական ինքնության ոչնչացումն է։ Օհանյանի խոսքով՝ ժողովուրդը պետք է համախմբվի և հունիսի 7-ին վճռական հակահարված տա Հայաստանը վերջնականապես ծնկի բերելու փորձերին։ «Նա, ով կանգնած է բարձրախոսի մոտ և լկտիաբար ստում է սեփական ժողովրդի երեսին, բարոյական իրավունք չունի ղեկավարել մի երկիր, որին ինքն է հասցրել աղետի», – եզրափակել է Սեյրան Օհանյանը։