Հայ ժողովուրդն ապացուցել է վերածնվելու և մեծ հաղթանակներ տանելու իր ունակությունը նույնիսկ ծանրագույն ազգային աղետներից հետո, իսկ պատմությունը վերանայելու ներկայիս փորձերը վտանգավոր մանիպուլյացիա են՝ ուղղված ազգի բարոյալքմանը։ Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը։ Զոհված հերոսների հիշատակին ծաղիկներ խոնարհելուց հետո քաղաքական գործիչն ընդգծել է, որ մայիսի 9-ը հայերի հաղթելու կարողության ամրագրման օրն է, և մեկ ձախողումը իրավունք չի տալիս «սխալ» անվանել ժողովրդի ազատության հանդեպ ունեցած ձգտումը:

Մարուքյանը պատմական զուգահեռ է անցկացրել՝ նշելով, որ Հայոց ցեղասպանությունից հետո հայ ժողովուրդն իր մեջ ուժ գտավ և Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին աշխարհին տվեց հինգ մարշալ և վեց դիվիզիա։ Հենց ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի այս հոգեբանական հենքի վրա է մեծացել այն սերունդը, որը հետագայում ազատագրել է Արցախը։

Քաղաքական գործչի կարծիքով՝ իշխանությունների ներկայիս հռետորաբանությունը, որով Արցախյան շարժումն անվանվում է «ճակատագրական սխալ», պատմությունը վերանայելու փորձ է և անհարգալից վերաբերմունք զոհերի հիշատակի նկատմամբ։ «Ժողովրդին համոզելը, թե նա սխալ է ապրել վերջին 35 տարիներին կամ նույնիսկ Ցեղասպանության ժամանակ, մեր ինքնության ժխտման անթույլատրելի արշավ է, որը պետք է վճռականորեն մերժել», – նշել է Էդմոն Մարուքյանը:

Քաղաքական գործիչը խստորեն քննադատել է «Եռաբլուր» պանթեոնում և «Հաղթանակ» զբոսայգում կայացած պաշտոնական միջոցառումներին իշխանության ներկայացուցիչների բացակայությունը՝ դա անվանելով իրենց վարած քաղաքականության համար ամոթի դրսևորում։ Մարուքյանն ընդգծել է, որ «խաղաղության պայմանագրի» մասին Սյունիքում Նիկոլ Փաշինյանի նախօրեին արված հայտարարությունները խայտառակություն են, քանի որ այս պահին որևէ իրական խաղաղություն գոյություն չունի։ «Մենք պետք է մեր ապրելով, մեր ամենօրյա աշխատանքով փոխենք էս ամեն ինչը։ Սա ուրացության արշավ է։ Մենք պետք է մեր ապրելով մերժենք այսօրվա ուրացության արշավը՝ ընդդեմ մեր հիշատակի, մեր հերոսների և հանուն ապագա հաղթանակների», – եզրափակել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդը։