Շատերն ասում են, որ մենք շատ ենք խոսում տնտեսական թեմաների մասին, չենք խոսում այն մասին, թե ինչ է կատարվում քաղաքականության մեջ, չենք խոսում իշխանությունների քայլերի մասին։
Ի՞նչ ասեմ իշխանությունների քայլերի մասին։ Երեկ այստեղ այցելեց Հայաստանի վարչապետը։ Այստեղ, որքան հիշում եմ, կամ Անգեղակոթում, կամ Կոռնիձորում, Գորիսում, նա հայտարարություն արեց՝ ասելով. «Արցախը երբեք մերը չի եղել»։ Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին, Սիսիանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը։
«Ժողովուրդ, այս հայտարարության մեջ մի շատ վտանգավոր բան կա, շատ վտանգավոր։ Գիտե՞ք ինչն է։ Եթե Հայաստանը կառավարողը, կառավարությունն ասում են, որ Արցախը երբեք հայկական չի եղել, ապա ժամկետային պարտադիր ծառայություն անցած զորակոչիկները, զինվորները, որոնք ծառայել են Արցախում, կարող են ենթարկվել քրեական պատասխանատվության՝ որպես օտար երկրում զորակոչով ծառայած զինված խմբեր։
Ահա այս է նրա այս հայտարարության վտանգը։
Այ մարդ, էլ մի խոսիր Արցախի մասին։ Քանի որ արդեն հանձնել ես, մի խոսիր, մի՛ պատճառիր էլ ավելի մեծ վնաս», - նշել է Նարեկ Կարապետյանը։











