Հայաստանի երկրորդ նախագահին, վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանին Մարտունիում դիմավորեցին հացով ու աղով։

Մարդիկ մոտենում են քաղաքական գործչին, սեղմում նրա ձեռքը։

Մարտունիից ընտրված պատգամավոր Արման Ղազարյանը թվարկել է գյուղացիների առջև ծառացած խնդիրները՝ սկսած ջրի սակավությունից ու վառելիքի թանկացումից, մինչև սահմանային անվտանգության հարցերը, վարելահողերի կրճատումը և փոխադրումների հետ կապված չլուծված խնդիրները։ Պատգամավորի խոսքով՝ «օպտիմալացման» անվան տակ փակվում են դպրոցներ, իսկ Սևանա լճի մաքրման համար խոստացված երեք կայաններից և ոչ մեկը չի կառուցվել։ Նա նշել է, որ գների բարձրացմանը զուգահեռ աճում է աղքատության մակարդակը, մինչդեռ իշխող ուժի ներկայացուցիչները հսկայական պարգևավճարներ են ստանում։ «Խոստացվածից ոչինչ չի արվել. հիմա էլ նույնն է կատարվում՝ խոստանում են ձայներ ստանալու համար, իսկ հետո կշարունակեն նույն քաղաքականությունը», - ընդգծել է պատգամավորը։

Դաշինքի մեկ այլ ներկայացուցիչ՝ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, նշել է, որ խնդիրների մասին շատ է խոսվել, սակայն հունիսի 7-ին սպասվող ընտրությունները չեն կարող հերթական ընտրությունները լիլեն, քանի որ դրանով է որոշվելու Հայաստանի պետականության «լինել-չլինելու» հարցը։ Ըստ նրա՝ «Քաղաքացիական պայմանագիրը» ժողովրդին ասում է՝ ընտրե՛ք մեզ, որպեսզի մենք փակենք Արցախի էջը, մոռանանք Ցեղասպանությունը, շարունակենք Հայ Առաքելական Եկեղեցու դեմ հարձակումներն ու նոր տարածքներ հանձնենք Ադրբեջանին։ Սաղաթելյանը հիշեցրել է, որ նախօրեին Սյունիքում ԱԳ նախարար Միրզոյանը հայտարարել էր, թե «Հայաստանի վերահսկողության տակ կան ադրբեջանական տարածքներ»։ Պատգամավորն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վերադարձի իրավունքի պաշտպանությունը, արտաքին ճնշման տակ Սահմանադրության փոփոխման անթույլատրելիությունը և նշել, որ Ցեղասպանության միջազգային ճանաչումը կասկածի ենթակա չէ, իսկ ադրբեջանական ուժերը պետք է լքեն Հայաստանի օկուպացված տարածքները։

Պատգամավոր Աղվան Վարդանյանը, մեկնաբանելով վարչապետ Փաշինյանի երեկվա հայտարարությունը, թե «Արցախյան շարժումը ճակատագրական սխալ էր», հայտարարել է, որ ինքը գիտի հենց Փաշինյանին վերաբերող երկու ճակատագրական սխալ՝ որ նա ծնվել է, և որ միամիտ ժողովուրդը նրան բերել է իշխանության։ «Բայց ամենագլխավոր բժիշկը ժողովուրդն է», - հիշեցրել է Վարդանյանը։

Պատգամավոր Գեղամ Մանուկյանը մատնանշել է նախկին նախագահի՝ աշխարհում ընկալելի, հեղինակավոր ու կշռադատված խոսքի և «առիթից օգտվող, այստեղ-այնտեղ ուտող-խմող ու ձեռքերը շալվարին սրբող գոռգոռան կերպարի» (նկատի ունի Փաշինյանին) միջև եղած տարբերությունը։ Մանուկյանը նաև հիշեցրել է, որ հենց Քոչարյանի պաշտոնավարման տարիներին է իրականացվել ռազմավարական տրանսպորտային հանգույցների շինարարությունը։

Պատգամավոր Աննա Գրիգորյանն ընդգծել է, որ անթույլատրելի է, երբ Հայաստանի ղեկավարը գլխիկոր կանգնում է Ալիևի առջև, բոբիկ մտնում մզկիթ, բայց միևնույն ժամանակ հարձակումներ է գործում սեփական Եկեղեցու դեմ։ «Մեզ պետք է առաջնորդ, որը հարգում է Անկախության հռչակագիրը։ Միայն երկու հոգի են ասում, որ Անկախության հռչակագիրը խնդիրներ է ստեղծում՝ Ալիևը և Փաշինյանը։ Նրանց միջև տարբերություն չկա։ Երբ Ալիևն ինչ-որ բան է ասում, կարճ ժամանակ անց այստեղի խամաճիկը կրկնում է դա»,- հայտարարել է պատգամավորը՝ հավելելով, որ իշխանությունները ձգտում են հաղթել ընտրություններում, որպեսզի նոր հողեր նվիրեն Ադրբեջանին։ Գրիգորյանը շեշտել է, որ մեզ անհրաժեշտ է առաջնորդ, որը թույլ չի տա Հայաստանը վերածել Արևմուտքի և Ռուսաստանի շահերի բախման նոր թատերաբեմի։

Ավելի վաղ այսօր «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները եղել էին Գեղամասար գյուղում և Վարդենիս քաղաքում։ Այսօր նաև հանդիպում կկայանա Գավառի բնակիչների հետ։