Երևանում այսօր՝ մայիսի 11-ին, ընթանում է Ազգային ժողովի արտահերթ նիստը։ Օրակարգում ընդգրկված է ընդհանուր 6 հարց։

Դրանց թվում է Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը, որը քննարկվում է երկրորդ և վերջնական ընթերցմամբ։ Նախագծի հեղինակը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն է։

Պատգամավորի համոզմամբ՝ Հայաստանում պետք է էականորեն խստացնել թմրամիջոցների տարածման համար նախատեսված պատիժը։

Պատգամավորը, մասնավորապես, հղում է արել թմրամիջոցների տարածման դեպքերի աճին և միջազգային փորձին։ Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ 2023 թվականին Հայաստանի իրավապահ մարմինները հայտնաբերել են թմրամիջոցների հետ կապված 5070 դեպք, մինչդեռ 2022-ին այդ ցուցանիշը կազմել է 2266։ Ընդ որում, 2023-ի դեպքերից ավելի քան 2800-ը կապված են եղել թմրամիջոցների ապօրինի վաճառքի հետ։ Այս համատեքստում Սարգսյանն առաջարկել է թմրամիջոցների տարածման ժամանակ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը դիտարկել որպես պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք։

Պատգամավորն առաջարկել է նաև խստացնել թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց նմանակների ապօրինի շրջանառության համար նախատեսված պատիժը՝ գործող 3-6 տարվա փոխարեն սահմանելով 5-8 տարի ազատազրկում։

Պատգամավորն առաջարկել է 8-12 տարի սահմանել այն նույն արարքի համար, որը կատարվել է՝

  1. մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

  2. շահադիտական նկրտումներով,

  3. խոշոր չափերով,

  4. զվարճանքի վայրերում,

  5. ձերբակալվածների կամ կալանավորվածների պահման վայրերում կամ քրեակատարողական հիմնարկներում,

  6. զորամասում կամ ծառայողական այլ վայրում,

  7. ուսումնական հաստատությունում կամ դրան հարակից տարածքում,

  8. տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ (Սարգսյանն առաջարկել է ավելացնել այս կետը – խմբ.)։

Իսկ նույն արարքը հանցավոր կազմակերպության կողմից կամ անչափահասի ներգրավմամբ, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով կատարելու դեպքում առաջարկվում է կիրառել 14 տարվա ազատազրկումից մինչև ցմահ ազատազրկում (ներկայիս 6-12 տարվա փոխարեն)։

Բացի այդ, պատգամավորն առաջարկել է խստացնել պատիժը նաև թմրամիջոցների այնպիսի շրջանառության համար, որը չի նախատեսում դրանց վաճառքը։