«Հայաստան» դաշինքի անդամ, պատգամավոր Ագնեսա Խամոյանը, դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ և վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ տեղի ունեցած հանդիպման ժամանակ, մի շարք հարցեր է ուղղել գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Խամոյանը նշել է, որ որպես պատգամավոր և նախկին լրագրող՝ մշտադիտարկում է իշխանությունների քարոզարշավը՝ հասկանալու համար, թե ինչ ուղերձներ են նրանք հղում հանրությանը: Նա արձանագրել է, որ Փաշինյանն օրը սկսում է հայոց լեզվի դասերով (նկատի ունենալով սոցցանցերում նրա առավոտյան հոլովակները), իսկ երեկոյան հանրահավաքների ժամանակ նրա թիմակիցները հպարտությամբ կիսվում են սովորածով:

«Հիանալի է, որ վարչապետի թեկնածուն գիտի և կարողանում է արտասանել այս կամ այն բառը: Հրաշալի է, որ նա խոսում է հայերեն և բառերն առանց սխալների է արտասանում: Բայց հույս ունեմ նաև, որ Նիկոլ Փաշինյանը նույն վարպետությամբ կարող է նաև նախադասություններ արտասանել: Ինչպես երեխան է բառեր սովորում, հետո նախադասություններ արտասանում...»

«Գուցե այդ ժամանակ նա ասի՝ «Ալի՛և, հեռացրո՛ւ զորքերդ Հայաստանի տարածքից»: «Ալի՛և, քո պահանջով Հայաստանը Սահմանադրություն չի փոխելու»: «Ալի՛և, ես կհրապարակեմ խոստացված տեղեկատվությունը և կպայթեցնեմ Ադրբեջանը»: Եվ ամենակարևորը՝ «Իլհա՛մ Ալիև, Հայաստանում ադրբեջանցիներ չեն բնակեցվելու, ինչպես դու ես պահանջում»: Պատգամավորը հարցրել է, թե արդյոք Փաշինյանը կարո՞ղ է արտասանել վերոնշյալ նախադասությունները, թե՞ոչ:

Ագնեսա Խամոյանը նշել է, որ լեզվական վրիպակներ ու սխալներ կարող են բոլորն էլ թույլ տալ, սակայն կարևոր է, որ այդ վրիպակների գինը չլինեն մարդկային կյանքերն ու հայրենիքի կորուստը: Նա հիշեցրել է, թե ինչպես էր վարչապետը Շուշիում հայտարարում՝ «Արցախը Հայաստան է և վերջ», իսկ հիմա ասում է՝ «Արցախը Ադրբեջան է»: Նա նաև հավելել է, որ նույն Փաշինյանը համոզում էր մարդկանց գնալ պատերազմելու, բայց պարզվեց՝ խաբում էր, քանի որ դա «ադրբեջանական հող էր»:

«Եթե դա այդպես է, ինչո՞ւ էիր մարդկանց ուղարկում կռվելու, ինչո՞ւ քո որդուն ուղարկեցիր ծառայելու: Ամենամեծ սխալը հենց Նիկոլ Փաշինյանն է, և ես վստահ եմ, որ հունիսի 7-ին մենք այդ սխալը կուղղենք»,- եզրափակել է պատգամավորը: