Հայաստանի իշխանությունները վերանայում են հայ ժողովրդի պատմությունը, հրաժարվում դրանից և ընդունում մեր սեփական պատմության վերաբերյալ Ադրբեջանի ու Թուրքիայի առաջ քաշած թեզերը։ Այս մասին Գավառի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը։

Հանդիպումն անցկացվել է քաղաքի գլխավոր խորհրդանիշներից մեկի՝ Գավառի հիմնադիրներ Արծրունի եղբայրների՝ Մկրտչի, Մարգարի և Բարսեղի հուշարձանի մոտ։ Գավառը հիմնադրվել է 1830 թվականին Բայազետից գաղթածների կողմից, ովքեր կարողացել էին մազապուրծ լինել թուրքական հալածանքներից։ Իրենց նոր օջախը նրանք անվանել են Նոր Բայազետ, իսկ ավելի ուշ քաղաքը ստացել է Գավառ անվանումը։

Դիմելով գավառցիներին՝ Էդմոն Մարուքյանը կոչ է արել աջակցել «Լուսավոր Հայաստան» կուսակցության թիմին, որպեսզի խորհրդարանում լինի ժողովրդի ձայնը ներկայացնող ժողովրդավարական խմբակցություն։ Մարուքյանի համոզմամբ՝ այդ խմբակցությունը կդառնա ժողովրդի համար փոփոխություններ բերող «շարժիչ ուժը»։ Նա նշել է, որ իշխանությունները կենտրոնացել են ընդդիմադիր երեք խոշոր ուժերի վրա՝ հասկանալով, որ նրանք ոչինչ չեն փոխելու։ «Լուսավոր Հայաստանի» տվյալներով՝ շուրջ 200 հազար քաղաքացի չի ցանկանում իր ձայնը տալ ո՛չ իշխանությանը, ո՛չ էլ ներկայիս ընդդիմությանը։ «Մեր քաղաքական առաջարկն այն է, որ մեր օգնությամբ ժողովուրդը ներկայացված լինի Ազգային ժողովում, դառնա դրա «բաժնետերը» և թույլ չտա երկրի հետընթացը։ Կձևավորվի տարբեր ուժերից կազմված խորհրդարան և կընտրվի փոխզիջումային վարչապետ, որի վրա հնարավոր չի լինի ճնշում գործադրել», — նշել է Մարուքյանը։

«Մենք դեմ ենք, որ լինի բացարձակ իշխանություն ունեցող ուժ։ Ով էլ լինի ընդդիմությունից, մենք դեմ ենք բացարձակ իշխանությանը», - հայտարարել է քաղաքական գործիչը։

Ըստ նրա՝ մյուս հնարավոր տարբերակն այն է, որ քաղաքացիները պարզապես չգնան ընտրության. այդ դեպքում կստացվի այն նույն պատկերը, ինչ Երևանի ընտրությունների ժամանակ, երբ 1,5 միլիոնանոց քաղաքը կառավարում է ընդամենը 75 հազար ձայն ստացած ուժը։ Մարուքյանն արձանագրեց, որ մայրաքաղաքում այսօր խայտառակ վիճակ է՝ սկսած օդի որակից ու տրանսպորտից, վերջացրած կանաչապատմամբ, և Երևանում իշխում է «փոքրամասնության քաղաքապետը»։

«Իշխանությունները վերանայում են մեր պատմությունը, հրաժարվում են դրանից և ընդունում մեր իսկ պատմության վերաբերյալ Ադրբեջանի ու Թուրքիայի թեզերը», — ընդգծել է Մարուքյանը՝ ցուցադրելով քարոզարշավի խորհրդանիշ վահանը, որի վրա պատկերված էին թիրախավորված սրբությունները՝ Հայաստանի զինանշանը, Մեսրոպ Մաշտոցն ու այբուբենը, եկեղեցին։ «Իշխանությունները մաքսային կնիքների վրայից հեռացրել են Արարատի պատկերը և մտադիր են ընտրություններում հաղթելու դեպքում այն հեռացնել նաև զինանշանից։ Մաշտոցն այբբենարանում վերածվել է QR-կոդի։ Հայ Առաքելական եկեղեցին Հայաստանում հարձակումների է ենթարկվում, իսկ Ադրբեջանում եկեղեցիներ են ոչնչացվում, ու ՀՀ իշխանություններն ասում են՝ «իրենց տարածքում է, ինչ ուզում՝ անում են»։ Պատկերացրեք՝ նույնն ասեին Ցեղասպանության մասին՝ թե իրենց տարածքում է, ինչպես ճիշտ են համարում, այնպես էլ անում են», — եզրափակել է Մարուքյանը։