«Ես չեմ հիշում Հայաստանի պատմության մեջ, որ որևէ մեկը համարձակվի խոսել ինքնության դեմ, եկեղեցու դեմ։ Ինքնությունն այն ամենն է, ինչը մեզ հայ է դարձնում։ Ասում ենք՝ մենք հայ ենք, որովհետև պատկանում ենք Հայ Առաքելական եկեղեցուն, ծնվել ենք, ապրում ենք այստեղ, Արարատն ենք տեսնում և այլն։ Հիմա ա՛յ համբալ, ի՞նչ ունես դրա հետ»։ Այս մասին այսօր՝ նախընտրական քարոզարշավի 7-րդ օրը, քաղաքացիների հետ ամփոփիչ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Ի՞նչն է քեզ ստիպում, ինչու՞ ես ուզում քո քայլերով ժողովրդին ցավեցնել։ Իմ տպավորություն այն է, որ պուլտ կա և չիպ կա, որևէ տեղից այդ չիպը կառավարվում է, բայց հաստատ Հայաստանից չէ։ Այս մարդը ոնց որ Ալիևի տուզիկը դարձած լինի։ Մի բան ինձ համար հասկանալի է՝ չպետք է Հայաստանում լինի ղեկավար, որի գլխի պուլտն ուրիշ տեղում է»,–հավելել է Ռոբերտ Քոչարյանը՝ դիմելով Նիկոլ Փաշինյանին։

ՀՀ երկորդ նախագահը հարց է ուղղել հավաքված քաղաքացիներին՝ արդյո՞ք հիշում են 2020 թվականին տեղի ունեցած 44-օրյա պատերազմի և դրան հաջորդած իրադարձությունների մասին։

«Մենք հիշու՞մ ենք արդյոք, թե ինչ կատարվեց 2021 թվականին՝ 2020 թվականի պատերազմից մի քանի ամից անց։ Արդյոք մենք հիշու՞մ ենք, որ կորցրել ենք Արցախը, տվել ենք 5000–ից ավել զոհ, 12 հազար վիրավոր։ Ինձ թվում է հիշում ենք։ Բայց այնուամենայնիվ, հիշելով, մարդիկ 2021 թվականին գնացին և քվեարկեցին Նիկոլ Փաշինյանի համար։ Ոգևորեցին Արցախը հանձնելու համար, հաջորդ քայլերի համար։ Քվեարկելով հնարավորություն են տվել Փաշինյանին՝ մեր գլխին նոր ողբերգություն բերելու»,–ասել է Քոչարյանը։

Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանն ատում է բոլոր նրանց, ովքեր պատրաստ են պայքարել հայրենիքի համար։

«Նա ատում է բոլոր պայքարող կերպարներին։ Սա մի բարդույթ է, որ նստած է մարդու մեջ ի ծնե, և այդ տեսակն այսօր առաջնորդում է Հայաստանի Հանրապետությունը։ Խայտառակություն է»,–ասել է Քոչարյանը՝ կոչ անելով քաղաքացիներին ընտրել «Հայաստան» դաշինքին։