Սպիտակ քաղաքում, այսօր՝ մայիսի 19–ին ՔՊ–ի քարոզարշավի ժամանակ բերանը փակելով հրապարակից հեռացրին տարեց տղամարդուն, որը Ազատի կացարանում վառված 15 զինծառայողներից մեկի՝ Արամ Մանուկյանի պապիկն էր՝ Արտյոմ Գրիգորյանը։
Փաշինյանն ամբիոնից հայտարարեց, որ փողով մարդկանց են ուղարկում իր քարոզարշավը խանգարելու համար. «Տրենդ ա դարձել, ամեն տեղ մի մարդ ուղարկում են, եկեք ուշադրություն չդարձնենք»։
Մի քանի քաղաքացիական հագուստով երիտասարդներ տարեց տղամարդու թևերն ընկած հեռացրին հրապարակից. «Խի ես տանում, ես հո տեռորիստ չեմ։ Ո՞վ եք դուք, ինչի՞ եք տանում։ Ես իմ պահանջն եմ դնում, իմ երեխուն տարավ, վառեց Ազատ գյուղում։
Ես իմ երեխուն 15 տարի պահեցի, ճամփեցի բանակ ծառայելու, 25 օր էր մնացել, որ տուն գար, ինքը վառեց, թե իր մարդիկ վառեցին Ազատ գյուղի զինվորական կացարանում։
Թող մի հատ պատասխան տա, ինչի ինք հելավ, առավոտ գիշերհանա ասավ, որ մի բաժակ կոֆեի բանով բեզին լցրին, վառեցին։ Ինքը սուտ է ասում, դատարանում քանի անգամ ասել ենք, որ գա ցուցմունք տա, չի գալիս»,–ասաց տղամարդը։
Անդրադառնալով Փաշինյանի մեղադրանքին, թե ամեն տեղ գումարով գալիս են, խանգարում են իրենց քարոզարշավը, տարեց տղամարդն ասաց. «Ո՞վ է ասում, ես Արամ Մանուկյանի պապիկն եմ, տղեք»։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հրաժարվեց մեկնաբանել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, ով կացարանում զոհված զինծառայողի պապիկի մասին ասաց՝ 200 000 դրամով ուղարկածներն են։
Ավելի ուշ NEWS.am–ի հետ զրույցում Արտյոմ Գրիգորյանն ասաց. «Ի՞նչ եղան մեր երեխեքը, մինչև հիմա էլ դատը գնում է, չի թողնում, որ ախր գնամ, ասեմ, որ ինքը իմանա, ոչ ընդունում է, ոչ էլ լսում է։ Այս երեք տարի դատավարություն է գնում, հլը ոչ մի բռնված չկա, մի հատ զինվորի բռնեցին, որ հերթապահ է եղել։ Ախպեր, բա էն մյուս էդ բարձրաստիճաններին ինչի՞ չի բռնել։ Մի անգամ չի օժանդակում, որ Ազատ գյուղի դեպքը բացահայտվի»։
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:
Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը եւ եւս 7 բարձրաստիճան զինվորականներ։
Ողբերգությունից ժամեր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ներկայացրեց պաշտոնական վարկածը, ըստ որի սպան բենզին է լցրել վառարանի վրա, ինչից հետո, երբ կրակն իրեն է անցել, «ինքնապաշտպանական բնազդով» բենզինի 5 լիտրանոց տարան նետել է կացարանի ուղղությամբ, ինչն էլ հրդեհի պատճառ է դարձել։
Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու եւ ավելի անձի մահ) եւ վարույթ՝ ՔՕ 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ), որը կցվել է մայր վարույթին։
Հավելենք, որ զոհերի ծնողները չեն հավատում պաշտոնական վարկածին: Նրանք կարծում են, որ կատարվածը դիտավորություն է եղել, եւ որ տղաները մահացած են եղել նախքան հրդեհը։ Նրանցից շատերը պատմում են տղաների եւ սպաների միջեւ եղած լարված հարաբերությունների մասին։











