«TRIPP» նախագծի իրականացման շրջանակներում սպասում ենք հայ-թուրքական և հայ-ադրբեջանական սահմանների բացումը։ Այս մասին մայիսի 26-ին Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է արձակուրդում գտնվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով գլխավորում է երկրում այժմ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակը։

«Այսօր, երբ սահմանների բացումն իրատեսական է դառնում, ընդդիմությունը սկսել է հայտարարել, թե դա իբր վատ հետևանքներ է ունենալու Հայաստանի համար։ Եթե իրենց լսենք, ստացվում է, թե Ադրբեջանն ու Թուրքիան մեզ լավություն էին անում՝ սահմանները փակ պահելով։

Մենք հարց չենք տալիս՝ իսկ ինչո՞ւ են որոշ ապրանքներ Հայաստանում ավելի թանկ, քան նույնիսկ եվրոպական որոշ երկրներում։ Գլխավոր պատճառներից մեկը Հայաստանի տրանսպորտային սահմանափակումներն են, որոնք ազդում են ապրանքների ինքնարժեքի վրա»,- նշել է Փաշինյանը։