Մենք ստեղծել ենք մաքուր տեսքով այլընտրանք և Հայաստանի Շնորհապետական կուսակցությունը քաղաքական գործընթացներում ներկա է որպես մաքուր ու չարատավորված ուժ, որը պահում է մեր սիրելի քաղաքացիներին տված խոստումները։ Այս մասին մայիսի 28-ին՝ Հայաստանի Առաջին Հանրապետության օրը, «Սարդարապատ» հուշահամալիրի մոտ լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի Շնորհապետական կուսակցության ղեկավար, վարչապետի թեկնածու Գուրգեն Սիմոնյանը։
Նա ընդգծել է, որ իր առաջին քաղաքական հայտարարությունից երկու տարի անց կուսակցությունը լիարժեքորեն մասնակցում է համապետական ընտրություններին և պատրաստ է լիակատար պատասխանատվություն կրել յուրաքանչյուր քվեի համար։ Պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք կոալիցիայի ձևավորում, եթե ընտրություններից հետո իր քաղաքական ուժի ձայները վճռորոշ դառնան Կառավարության ձևավորման համար, Սիմոնյանը կատեգորիկ կերպով մերժել է ներկա կողմերից որևէ մեկի հետ համագործակցելու տարբերակը։ «Ոչ մեկի հետ, որովհետև մենք հայտարարում ենք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացին իր ձայնը տալիս է Շնորհապետական կուսակցությանը՝ իմ գլխավորությամբ, և մենք պարտավոր ենք տեր կանգնել այդ ձայներին»,- պարզաբանել է նորաթուխ քաղաքական գործիչը։
Նա հավելել է, որ եթե կուսակցությունը քաղաքացիներին մեկ բան խոստանա, բայց անի դրա ուղիղ հակառակը՝ միավորվելով ընդդիմախոսների հետ, ապա դա կնշանակի իր քաղաքական ուղու վախճանը։ Գուրգեն Սիմոնյանը նշել է, որ իր կյանքի բոլոր ձեռքբերումներն ու անցած ուղին միտված են երկարաժամկետ գործունեության, ուստի նորաստեղծ ուժը հանուն վայրկյանական շահերի չի կարող մահապատժի դատավճիռ չի ստորագրել իր համար։ «Մեր ուղին սպրինտ չէ՝ արագավազք չէ, այլ մարաթոն է, և այդ մարաթոնի ընթացքում հայ ժողովուրդը հնարավորություն կունենա փրկել այս նավը, իսկ մեր կուսակցությունը պատրաստ կլինի դրան»,- ընդգծել է Սիմոնյանը՝ նշելով, որ քաղաքական ուժը լիովին պատրաստ է ընտրություններից հետո իրադարձությունների զարգացման հնարավոր բոլոր երեք սցենարներին։ Կուսակցության առաջնորդի խոսքով՝ հայաստանյան քաղաքական դաշտի մյուս «ալիքների» հետ միավորումն աբսուրդ է և անհնարին մի բան։ Գուրգեն Սիմոնյանը քաղաքացիներին կոչ է արել հունիսի 7-ին կայանալիք առաջիկա քվեարկությանը դառնալ միասնական բռունցք՝ հանուն հայրենիքի ու հավատի՝ նշելով, որ կուսակցությունն ունի բոլոր շանսերը ոչ միայն խորհրդարան անցնելու, այլև լիարժեք հաղթանակի հասնելու համար։











