Հայաստանի գյուղմթերք արտադրողները հայտնվել են գոյատևման եզրին՝ արտադրանքի իրացման խնդիրների, վարկային մեծ բեռի և արտաքին շուկաների բացակայության պատճառով, ինչը հետևանք է ռուսաստանյան շուկա հայկական ապրանքների արտահանման արգելքի։ Ֆերմեր Մուշեղ Գրիգորյանը պատմել է այն ծանր կացության մասին, որում հայտնվել են տեղական արտադրողները։
Ըստ նրա, մի քանի տարի առաջ որոշել է ընդլայնել արտադրությունը և խոշոր բանկային վարկով ջերմոց է կառուցել։
«Այսօր իմ պարտքը կազմում է շուրջ 40 միլիոն դրամ։ Ջերմոցը կառուցել եմ տարեկան 14 տոկոսադրույքով վարկով։ Տոկոսներն ամեն օր ավելանում են, և պարտքի գումարն արդեն գերազանցել է 43 միլիոն դրամը»,- պատմել է Գրիգորյանը։
Սակայն գլխավոր խնդիրը ֆերմերը համարում է ոչ թե վարկը, այլ աճեցված բերքն իրացնելու անհնարինությունը։ Ըստ նրա, արտադրանքն արդեն պատրաստ է վաճառքի, բայց գնորդներ չկան։ Արդյունքում արտադրողները չեն կարողանում ո՛չ վարկերը վճարել, ո՛չ էլ ընտանիքները պահել։
«Մենք ամեն ամիս մտածում ենք միայն հերթական վարկի վճարման համար գումար գտնելու մասին։ Եթե ուշացնես, բանկը քեզ անհուսալի վարկառու կհամարի և ապագայում, երբ իսկապես աջակցության կարիք լինի, այլևս չի օգնի»,- ասում է նա։
Գրիգորյանը կարծում է, որ Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչների առաջարկները չեն կարող լուծել խնդիրը։ Նա զգուշացնում է, որ իրավիճակը կարող է ավելի բարդանալ արդեն առաջիկա շաբաթներին, երբ շուկա դուրս գա դաշտերում աճեցված էժան բերքը։ Ըստ նրա կանխատեսման՝ եթե հիմա մեկ կիլոգրամ լոլիկը վաճառվում է մոտ 200 դրամով, ապա շուտով գինը կարող է իջնել մինչև 50 դրամի, իսկ բերքի մեծ մասը կմնա չվաճառված։
Ֆերմերը նշել է, որ ծաղիկ աճեցնող շատ ջերմոցատերեր, ռուսաստանյան կողմի սահմանած սահմանափակումների պատճառով, որոշել են փոխել գործունեության ուղղությունը։
«Մարդիկ միլիոնավոր դրամների ծաղիկներ են թափում։ Շատերն արդեն քանդել են իրենց տնկարկները և անցնում են լոլիկի, վարունգի ու այլ բանջարեղենի մշակման՝ հույս ունենալով գոնե ընտանիք պահել»,- պատմել է նա՝ ընդգծելով, որ շուկայի սահմանափակ լինելու պատճառով դա լրացուցիչ դժվարություններ կստեղծի և կխորացնի գերարտադրության ճգնաժամը։
«Ես չորս-հինգ տոննա մթերք ունեմ հավաքած։ Այն փչանում է բառացիորեն ամեն ժամ, իսկ վաճառելն անհնար է»,- ասում է ֆերմերը։
Նա թերահավատորեն է վերաբերվում Երևանում առևտրի լրացուցիչ կետեր կազմակերպելու առաջարկներին։ Ըստ նրա, խնդիրը ոչ թե վաճառքի վայրն է, այլ ներքին պահանջարկի սահմանափակ ծավալը։
«Կապ չունի՝ ապրանքը վաճառում եմ այստե՞ղ, թե՞ Երևանում։ Գնորդները նույնն են՝ Հայաստանի բնակիչները։ Մեզ իրացման նոր շուկաներ են պետք, ոչ թե ապրանքի տեղափոխություն երկրի ներսում»,- կարծում է նա։
Գրիգորյանի մոտ առանձնահատուկ անհանգստություն է առաջացնում Ռուսաստանի հետ առևտրային հարաբերությունների վատթարացումը։ Նա համոզված է, որ ռուսաստանյան ուղղությամբ հետագա դժվարությունները կարող են էլ ավելի ուժգին հարվածել հայաստանցի արտադրողներին։
«Եթե ռուսաստանյան շուկայի հետ կապված խնդիրները շարունակվեն, խոսքը կգնա արդեն ոչ թե ֆերմերների եկամուտների, այլ լուրջ սոցիալական խնդիրների մասին»,- զգուշացնում է նա։
Ըստ գյուղմթերք արտադրողի, ֆերմերների վիճակն առանց այդ էլ վատթարանում է արդեն երկար տարիներ։ Նա հիշում է, որ տասը-տասնհինգ տարի առաջ իր տնտեսությունն ավելի փոքր էր, բայց ավելի լավ էր ապրում, քան հիմա։
Այն ժամանակ շահույթ էին բերում ոչ միայն ջերմոցները, այլև բաց դաշտերը։ Իսկ այսօր դաշտային մշակաբույսերի աճեցումը, ըստ նրա, գործնականում դարձել է ոչ շահութաբեր։ Շատ արտադրողներ ստիպված են բերքը հանձնել վերամշակող ձեռնարկություններին նվազագույն գներով, որոնք հազիվ են ծածկում ծախսերը։
Արդյունքում գյուղի բնակիչներն ավելի ու ավելի հաճախ են դիմում նոր վարկերի՝ տնտեսությունը պահպանելու և ընտանիքները պահելու համար։
«Եթե ուզում եք տեսնել հայաստանցի ֆերմերներին, գնացեք ոչ թե դաշտեր, այլ բանկեր։ Վերջերս գնացել էի վարկիս հարցը լուծելու և տասը րոպեում այնտեղ հանդիպեցի մոտ երեսուն հոգու միայն մեր գյուղից։ Ստացվում է, որ այսօր մենք ավելի հաճախ բանկում ենք տեսնվում, քան տանը կամ փողոցում»,- հայտարարել է Գրիգորյանը։
Ըստ նրա, գյուղացիների մեծ մասը շարունակում է աշխատել առավոտից երեկո՝ փորձելով պահպանել տնտեսությունները, սակայն առանց արտադրանքի իրացման խնդրի լուծման և արտաքին շուկաների հասանելիության՝ ագրարային հատվածի վիճակը միայն վատթարանալու է։











