Մեր տրամադրությունը շատ բարձր է, շատ ոգևորված ենք՝ հույսով ու հավատով, որ մեր վարչապետը նորից կծաղկեցնի մեր Հայրենիքը, և այդ գործընթացը կլինի շարունակական։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է տարրական դասարանների ուսուցչուհի Հասմիկ Խաչատրյանը։ Նա այս մասին հայտարարել է հունիսի 2-ին՝ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղ Նիկոլ Փաշինյանի նախընտրական այցի ժամանակ, որտեղ կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն անցկացնում էր քարոզարշավային հանդիպում։

Խաչատրյանը խոսքով՝ դպրոցի ողջ անձնակազմը՝ տնօրենի գլխավորությամբ, ներկա է եղել միջոցառմանը։ Բացակայել են միայն այն մանկավարժները, ովքեր այդ աշխատանքային օրը ներգրավված են եղել 9-րդ դասարանի հայոց լեզվի ավարտական քննությանը։ Ուսուցչուհին մեծ գոհունակություն է հայտնել տեղի դպրոցում, մանկապարտեզում ու մշակույթի տանն ընթացող վերանորոգման աշխատանքներից։ Նույնպիսի ակտիվություն ու համախմբվածություն է ցուցաբերել նաև տեղի նախադպրոցական կրթության ոլորտի տեխնիկական անձնակազմը։

Ծովագյուղի մանկապարտեզի ուրիշ աշխատակցի փոխանցմամբ՝ Փաշինյանի հետ հանդիպմանը եկել էր հաստատության գրեթե ողջ անձնակազմը՝ դաստիարակները, դաստիարակի օգնականները, բուժքույրն ու նույնիսկ դռնապանը, իսկ քիչ անց նրանց պետք է միանային նաև տնօրենն ու մեթոդիստը։ Լրագրողի այն հարցին, թե ինչու են աշխատակիցներն այնտեղ գտնվում աշխատանքային ժամին, Խաչատրյանը պարզաբանել է, որ մանկապարտեզի շենքում այժմ հիմնանորոգում է ընթանում, ինչի պատճառով էլ անձնակազմը պաշտոնապես պարապուրդի մեջ է։

Միևնույն ժամանակ, հավաքվածները չեն էլ թաքցրել, որ Կառավարության ղեկավարի այցի մասին հայտնի է դարձել գյուղում առավոտվանից տարածված լուրերից, երբ անվտանգությունն ապահովելու նպատակով Ծովագյուղ են ժամանել իրավապահ մարմինների աշխատակիցները։ Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Հասմիկ Բաղդասարյանն իր հերթին լիակատար աջակցություն է հայտնել գործող իշխանություններին՝ նշելով, որ ընտրություններից հետո ավելի կոշտ քայլերի հույս ունի։ «Մենք ի սկզբանե նրան ընտրել ենք այն հույսով, որ երկիրը թալանած ու քանդած մարդիկ օրենքի ողջ խստությամբ կպատժվեն, այլ ոչ թե փողով ազատ կարձակվեն, բայց առայժմ այս արդյունքը չենք տեսնում»,- ընդգծել է Բաղդասարյանը։ Այնուամենայնիվ, լրագրողի հարցին՝ ուղղված Գեղարքունիքի մարզի Սոթքի, Կութի և Վերին Շորժայի հատվածներում ադրբեջանական զինուժի առաջխաղացմանն ու ինքնիշխան տարածքների կորստին, ուսուցչուհին կտրականապես հերքել է այդ տեղեկությունը՝ նման լուրերն անվանելով սուտ և սադրանք, որոնց նպատակը Նիկոլ Փաշինյանի հանդեպ ատելություն սերմանելն է։

Ֆիզիկայի ուսուցչուհի Աննա Սարուբյանը, ով համատեղության կարգով դասավանդում է Երևանի և Ծովագյուղի դպրոցներում, հավելել է, որ վերջին տարիների գլխավոր ձեռքբերումը համարում է կոռուպցիայի իսպառ վերացումը, ինչպես նաև գոհունակություն է հայտնել բանակաշինության ընթացքից։ Կրթության համակարգում ավելի քան 30-40 տարվա փորձ ունեցող մյուս տարեց մանկավարժներն էլ ընդգծել են, որ այսօր երկրում խաղաղություն է հաստատված, իսկ իրենց ներկայիս՝ 80-90 հազար դրամ աշխատավարձը նախկին ժամանակների համեմատ ավելի արժանապատիվ է թվում։ Անդրադառնալով Ծովագյուղի և Սեմյոնովկայի բնակիչների նախկին բողոքի ակցիաներին, երբ երկու գյուղերն էլ Սևան քաղաքի հետ խոշորացման պատճառով ամբողջությամբ բոյկոտել էին ընտրությունները, հավաքվածները նշել են, որ այսօր այդ տարաձայնությունները հարթված են։ Նրանք հավելել են նաև, որ անվտանգային ներկայիս խնդիրներն իրենց չեն մտահոգում։