Վստահված անձանց մեջ ինչ-որ խոսակցություն է եղել, դուրս ենք հրավիրել իրենց, մնացած հարցերը իրենք դրսում են պարզել։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց Լիճք գյուղում տեղակայված թիվ 21/7 ընտրական տեղամասի հանձնաժողովի նախագահ Էդգար Սիրականյանը։
Նշենք, որ տեղամասից 200 մետր հեռավորության վրա ՔՊ–ականները ծեծի են ենթարկել «Ուժեղ Հայաստան» դաշինքի վստահված անձ Լևոն Հոխիկյանին, որի դեմքին կապտուկներ, վնասվածքներ, արյան հետքեր կային։
«Տվյալ մարդիկ չեն վերադարձել, իրենց փոխարնողներ են եղել»,–ասաց նա։
Դիտարկմանը, որ ամեն ինչ ծագել է նրանից, որ ինչ–որ պահի տեղամասում ՔՊ–ից 3 վստահված անձ է ներկա եղել, մինչդեռ թույլատրվում է միայն երկուսը, հանձնաժողովի նախագահն ասաց. «Այդ պահին քարտուղարը երրորդ անձին դուրս էր հրավիրում։ Մեկը մտնում է, գրանցվում է, նոր դուրս է գալիս։ Ներսում զուտ խոսակցություն է եղել, անմիջապես լռեցրել ենք, դուրս ենք հրավիրել»,–ասաց նա։
Հանձնաժողովի քարտուղար Հարութ Ավետիսյանն իր հերթին ասաց. «Ուժեղ Հայաստանի» դեպքում ևս եղել է, որ միաժամանակ երեք վստահված անձինք ներկա են եղել։ Բնականաբար, մեկը գրանցվել է, մյուսը դուրս է եկել։ Նույն իրավիճակն է եղել, արձանագրելու բան չի եղել»։
Իսկ ահա «Ուժեղ Հայաստանի» վստահված անձանցից Քրիստինե Իրիցյանն այլ բան պատմեց. «Մենք այստեղ էինք բոլորով այդ մարդը եկավ ներկայացավ որպես վստահված անձ բայց դեռ գրանցված չէր, քայլում էր այստեղով։ Զուտ իրեն ասացին, որ պետք է գրանցվել նոր այստեղ ինչ որ գործողություններ անել։ Իր կողմից վիրավորական ինչ-որ արտահայտություններ հնչեցին ու ինքը սպառնալիքներով դուրս կանչեց իմ հետի վստահված անձին։ Մրմնջաց ինչ-որ վիրավորանքներ, չեմ ուզում արտաբերել: Ինձ համար լսելի էին այդ վիրավորանքները։ Իմ կոլեգա վստահված անձը դեռ չի վերադարձել։ Ես դրսում չեմ եղել, անընդհատ այստեղ եմ եղել, բայց շտաբից զանգ ստացա ու տեղեկացա, որ ծեծի են ենթարկել իրեն։
Ոստիկանությունը դրսում է եղել, բայց ըստ իմ տեղեկությունների, ոչ մի միջամտություն չի եղել իրենց կողմից»։
Լիճք գյուղում ՔՊ-ականները հարձակվել և ծեծի են ենթարկել «Ուժեղ Հայաստանի» վստահված անձին











