Ընտրությունները տեղի են ունեցել համատարած բռնաճնշումների, բռնությունների և ապօրինությունների պայմաններում. Ակնհայտորեն իշխանությունը իր վարչական, պետական ռեսուրսներով, նաև անօրինական, երբեմն հակապետական, երբեմն սահմանադրական կարգ տապալելու ճանապարհով ընդդիմադիր քաղաքական ուժերի գործունեությունը խոչընդոտելով և կիրառելով բազմաթիվ սահմանափակումներ, ապօրինությունների շարքին վերջ չկա։ Այս մասին, այսօր՝ հունիսի 9–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Հայաստան» դաշինքի ցուցակում ընդգրկված, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով նրան, որ որոշ հարցումներով ընդդիմությունն ավելի շատ ձայն պետք է ստանար, սակայն ստացել է ավելի քիչ։

«Իմիջիայլոց այդ մասին ևս մենք համապատասխան փաթեթներ պատրաստում ենք։ Իհարկե ինչ-որ տեղ պետք է հասկանանք ընտրողների այդ ծավալը և կրկնակի քվեարկությունների հնարավորությունը դա ինչպես է տեղի ունեցել։ Ակնհայտ է, որ այդ գաղտնի ցուցակներով,որը չի հրապարակվում այստեղ մենք լուրջ և ծանրակշիռ մտահոգություններ ունենք, թե սա ոնց է տեղի ունեցել։ Այս պահին քանի որ փաթեթ է պատրաստում Սահմանադրական դատարանի համար, ձեռնպահ կմնամ ավելի մանրամասների մեջ խորանալու»,–ասաց նա։

Սաղաթելյանը նշեց, որ մյուս ընդդիմադիր ուժերի հետ միասին ՍԴ դիմելու մասով դեռ որոշում չկա, բայց բոլոր դեպքերում «Հայաստան» դաշինքը դիմելու է ՍԴ։

«Այս փուլում մենք բողոքարկում ենք արդյունքները, դրանից հետո գնալու ենք Սահմանադրական դատարան, ըստ այդ արդյունքների, խորհրդակցելով շեմը հաղթահարած ընդդիմադիր ուժերի հետ, միասին որոշում ենք կայացնելու»,–ասաց նա։

Անդրադառնալով պնդումներին, որ եթե ընդդիմադիրները վերցնեն մանդատները, դա նշանակելու է, որ գնում են Նիկոլ Փաշինյանի մոտ ընդդիմություն աշխատելու, Սաղաթելյանն ասաց. «Քանի որ որոշում չունենք, ես չեմ ուզում այդ հարցերին անդրադառնալ, բայց նաև կոչ եմ անում, որ նրանք, որոնք մի քանի ձայն են հավաքել, այս ամբողջ ընթացքում խանգարել են, իրենք այդքան ճոռոմ-ճոռոմ և մեծ-մեծ խոսելու ու իրենց կարծիքը մեզ թելադրելու իրավունք չունեն։ Մենք կքննարկենք, կխորհրդակցենք և որոշում կկայացնենք։ Այն բխելու է ընդհանուր պայքարի տրամաբանությունից։

Ես չգիտեմ նախորդ հինգ տարին Նիկոլի մոտ ո՞վ է աշխատել, չնայած շատերին գիտեմ, շատ անվանական գիտեմ, բայց առնվազն մեր մասով կարող եմ ասել, որ կռիվ ենք տվել բոլոր հնարավոր ճակատներով։ Ու թող ամեն մեկը նաև իր տեղը իմանա»։

Ընդդիմադիր գործիչը կոչ արեք քաղաքացիներին չհուսահատվել, պանիկայի մեջ չընկնել,  էմոցիաներով չառաջնորդվել. «Չնայած ամբողջությամբ հասկանում եմ, ես իմ 15 տարեկան տղային այս վերջին 24 ժամը շատ դժվարությամբ եմ բացատրում, թե այս ինչ է կատարվել, որովհետև խնդիր կա, փողոցում մարդիկ տեսնում են, հուզված գալիս փաթաթվում են, լացում են, չեն համակերպվում, իրականում ծանր մթնոլորտ է, թրքահպատակ իշխանությունը, որը երկիրը տանելու է մի նոր փորձության, վարչական խայտառակ մեթոդներով փորձում է վերարտադրությունը ապահովել։ Սա իհարկե ծանր հարված է այն մարդկանց համար, որոնք դուրս են եղել պայքարի։

Այս պահին կարող եմ ասել, որ մենք աննահանջ շարունակելու ենք մեր պայքարը, որովհետև հաշտվել, համակերպվել, չի լինելու, սրանով աշխարհը չի փլվել և վերջացել ու դեռ մենք բազմաթիվ ուղիներ կան պայքարելու»,–ասաց նա։