Մեր երկրի ներսում դիմադրություն պահել ու կազմակերպելը անհրաժեշտություն է, իսկ թե դա ի՞նչ ճանապարհով կլինի, երբ կլինի, ի՞նչ ձևաչափով, սա արդեն ժամանակը և ընթացքը ցույց կտա։ Այս մասին, այսօր՝ հունիսի 9–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Հայաստան» դաշինքի ցուցակում ընդգրկված, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով հավանական փողոցային պայքարին։
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ հետընտրական փողոցային պայքարը բացառվում է, քանի որ ընտրությունները չեն կեղծվել, Սաղաթելյանն ասաց. «Ես ասացի, որ ընտրությունները տեղի են ունեցել ոչ ազատ, արդար պայմաններում, համատարած բռնաճնշումների, ապօրինությունների, վարչական ռեսուրսի կիրառմամբ։ Սա փաստ է։
Նույնիսկ ընտրություններից հետո, երեկ ևս տեղի են ունեցել խուզարկություններ, ձերբակալություններ։ Այս մարդը չի հանգստանում, այս մարդու նպատակն է երկրում ցանկացած ընդդիմադիր միավորի ինչ-որ պատրվակով մեկուսացնել, բռնել, դատել։ Սա է սրա էությունը՝ արյուն, վրեժ, նստեցնեմ, բռնեմ, ծեփեմ պատերին, ասֆալտին։ Այս ամեն ինչի նպատակը այն է, որ վերջնական ցանկացած դիմադրության օջախ, ցանկացած բջիջ ճզմի, սեղմի, վերջացնի, երկրում հաստատի տոտալ բռնապետություն։
Իր ուղին դա է, ինքը ժողովրդավարության թշնամին է, ժողովրդավարության հետ կապ չունի, ատում է ժողովրդավարությունը։ Մենք էլ պետք է ամեն ինչ անենք սրա դեմը առնելու և վիճակը փոխելու համար։ Մենք հաշտ չենք այս իրավիճակի հետ ու չենք համակերպվելու»,–ասաց նա։











