Աշխարհացունց բան այնուամենայնիվ տեղի չի ունենա, որովհետև Հայաստանում վերականգնվող էներգետիկան վերջին տարիների ընթացքում առաջանցիկ տեմպերով զարգացել է , և դա թույլ կտա խուսափել ծանր էներգետիկական ճգնաժամից։ Այս մասին այսօր, հունիսի 11-ին կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը, պատասխանելով այն հարցին, թե կա՞ արդյոք վտանգ, որ Ռուսաստանը կթանկացնի Հայաստան առաքվող գազի գինը, և ի՞նչ տեղի կունենա այդ դեպքում։  

Նա նախ նշեց, որ ի պաշտոնե քաղաքական մեկնաբանություններ ու գնահատականներ տալու իրավասություն չունի, բայց կարող է ասել, որ դա, բնականաբար, կունենա բասական ազդեցություն, մասնավորապես՝ էլեկտրաէներգիայի սակագնի վրա, քանի որ Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության մոտ 30-35% արտադրվում է ջերմային էլեկտրակայաններում։

«Բայց անցած անգամ մեր հանդիպումներից մեկի ժամանակ ես ևս այդ մասին հայտնեցի իմ կարծիքը որպես ՀՀ քաղաքացի, որ աշխարհացունց բան այնուամենայնիվ դրանից տեղի չի ունենա, որովհետև արևային տեխնոլոգիաները, վերականգնվող էներգետիկան այս տարիների ընթացքում մեր երկրում զարգացել է առաջանցիկ տեմպերով, և միայն արդեն արևային կայանների գոյությունը մեր իրականության մեջ մեզ կապահովի 1992-94թթ ծանր էներգետիկական կրիզիսի պատկերը ունենալուց», - ասաց նա, հավելելով, որ անցումային փուլում, եթե կլինի գազի թանկացում, որոշակի դժվարություններ կլինեն, բայց դա չի լինի հովհարային անջատումների տարիների պես ծանր ու խորը։

Մեսրոպ Մեսրոպյանի հիշեցրերց, որ օրեր առաջ Ազգային ժողովում ընդունվեցին էներգետիկայի մասին օրենքի փոփոխությունները կուտակիչ կայանների վերաբերյալ, և ՀՀ-ում կուտակիչ կայանների կառուցումը ևս որոշակիորեն կմեղմի այդ խնդիրը։

Նա շեշտեց, որ այն, ինչ ասում է, զուտ տեսկան բնույթ ունի, քանի որ «Գազպրոոմ Արմենիայից» կամ ՌԴ «Գազպրոմ» ընկերությունից գազի գնի թանկացման վերաբերյալ առայժմ ոչ մի դիմում չկա իր սեղանին։ Այնուամենայնիվ, եթե այդպիսի բան լինի, ապա ՌԴ հետ գործող պայմանագիրն և գազի սակագները գործում են մինչև 27 թվականի սկիզբը։  

«Հետևաբար, առաջիկա վեց ամիսների ընթացքում մենք այդպես ցնցումային բան չենք ունենա, և ասեմ նաև ևս մեկ հանգամանք, որ անցած տարիների ընթացքում լրացուցիչ օգուտներ են ձևավորվել գազի համակարգում, և դա բավական մեծ գումար է, որը որ․․․ իհարկե, դրա որոշողը ես չեմ, դա քաղաքական որոշման արդյունք պետք է լինի, անհրաժեշտության դեպքում կարող է ուղղվել ևս որոշակի ժամանակահատված գազի սակագնի մեղմմանը», - ասաց նա, հավելելով,  որ այդ ընթացքում, եթե իհարկե նման բան տեղի ունենա, Հայաստանը կփնտրի գազի այլ մատակարարներ։

Հարցին, թե որտեղից Հայաստանը կարող է գազ ձեռք բերել, Մեսրոպյանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ ինքը քաղաքական գործիչ չէ, և քաղաքական որոշումների ընդունմանը չի մասնակոցում, այնուամենայնիվ գազի մատակարար հավանական երկրների ցանկում թվարկեց Ադրբեջանը, Թուրքմեստանը և Իրանը։ «Բոլոր այն հնարավոր երկրները, որոնք որ գազ են վաճառում, և ենթակառուցվածքները թույլ են տալիս, որ մենք այդ երկրներից գազ գնենք, բնականաբար», - ասաց նա։

Հարցին, թե դա չի առաջացնի կախվածություն Ադրբեջանից, Մեսրոպյանը պատասխանեց․ «Ես նման հայտարարություն չեմ կարող անել, նորից եմ կրկնում։ Ինձ հարցրեք, ինչու է գազի կալորիականությունը պայմանագրում 7900 կալորիա, բայց փաստացի տարվա վերջում 8300 կալորիա է դառնում, և ինչպես է դա ազդում գազի սակագնի վրա»։

Պատասխանելով ատոմակայանի մասին հարցին, մասնավորապես՝ կգնա Հայաստանը ամերիկյան մոդութլային ատոմակայաններ ձեռք բերելու ճանապարհով, Մեսրոպյանն ասաց․ «Ես այդ խոսակցություններին գործնական մասնակցություն կունենամ այն ժամանակ, երբ որ կորոշվի այս կամ այն տիպի ատոմակայանը և արդեն հանձնաժողովի գործառույթը կլինի այս կամ այն տիպի ատոմակայանի սակագինը հաշվելը»։