Ինքնիշխանության կարևոր ատրիբուտ է, որ քո երկրի սահմանը պահի քո սահմանապահը, դա կապված է նաև մեր սահմանապահ կարողությունների զարգացմամբ։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 17–ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք սահմանապահ զորքերի կարողությունները զարգացնում ենք և կզարգացնենք, որպեսզի մեր սահմանը ամբողջապես լինի Հայաստանի սահմանապահների հսկողության ներքո»,–ասաց նա։

Հարցին՝ արդյո՞ք դա պարտադիր պահանջ է եվրոպացիների կողմից վիզաների ազատականացման հետ կապված, թե՞ ոչ, Փաշինյանը պատասխանեց. «Այդ պրոցեսը մենք սկսել ենք շատ ավելի վաղուց, սկի միտքներովս չէր էլ անցնի, որ վիզաների ազատականացման հետ կապված խնդիր կա, բայց հիմա էլի մտածեցի, որ կարող է ժամանակագրությունը շփոթում եմ»։

Հարցին՝ եթե Հայաստանին պետք չի ռուսական ռազմաբազան, ինչու է Հայաստանը պատրաստ քննարկել այդ ռազմաբազայի Հայաստանում մնալու հարցը, Փաշինյանն ասաց. «Որովհետև Ռուսաստանը մեզ բարեկամ երկիր է, եթե իրեն անհրաժեշտ է մնալ, մենք պատրաստ ենք քննարկել։ Մենք նախապայման չենք դնում, մենք ասում ենք պատրաստ ենք քննարկել»։

Ինչ վերաբերում է Տիգրանաշենի հարցով հնարավոր հանրաքվեին, վարչապետն ասաց. «Սահմանազատման գործընթացը պետք է ցույց տա, կա հանրաքվեի անհրաժեշտություն, թե՞ չկա։ Այս պահին սահմանազատման դետալների հետ կապված, որ սա պետք է գնա, սա պետք է գա և այլն, չկա ոչ մի պայմանավորվածություն։ Այդ պայմանավորվածությունների թիվը զրո է։ Այսինքն սահմանազատումը պետք է տեղի ունենա, որի արդյունքով պարզ լինի հանրաքվե անհրաժեշտ է, թե չէ։ Այսինքն պետք է երկրները սահմանազատումը անեն, փաստաթուղթ ստորագրեն սահմանազատման մասին, որովհետև կանոնակարգը եթե կարդաք, դա նախատեսված է, որ սահմանազատումները ամփոփվում են միջպետական պայմանագրով պետական սահմանի մասին։ Պետք է գա հասնի այդ կետին, որպեսզի մենք տեսնենք այդ փաստաթղթի արդյունքում հանրաքվե պետք է, թե չէ։

Սահմանադրություն ասում է Հայաստանի տարածքի փոփոխությունը ենթադրում է հանրաքվե, բայց ենթադրենք, հիմա սահմանը ինչ-որ մի կերպ շարժվում է, հիմա GPS-ները կան, 0միլիմետրի ճշտությամբ հնարավոր է այդ սահմանի տեղը որոշել։ Ենթադրենք, ինչ-որ մի պատճառով, ինչ-որ մի ենթակառուցվածքի խողովակի հետ կապված, մի մետր, որ ուղիղ էր, կորվեց, մի մետր այստեղ, մի մետր այստեղ։ Բառիս բուն իմաստով մի մետրի մասին է խոսքը, այլաբանություն չեմ անում։ Դրա համար հանրաքվե պե՞տք է, թե պետք չէ։ Իհարկե պետք չէ, որովհետև տարածքի փոփոխություն տեղի չի ունեցել։ Իսկ եթե արդյունքում կպարզվի, որ տարածքի փոփոխություն է տեղի ունենում, այդ ժամանակ արդեն հանրաքվե կլինի, այդ թվում մեր իրավաբան գործընկերները կասեն, պետք է, թե՞ չէ։

Ես չեմ ասել, որ այսինչ տարածքը պետք է տանք ինչ-որ մեկին, ես ասել եմ կա պրոբլեմ, անկլավների պրոբլեմ, որը պետք է հասկանանք՝ ո՞նց ենք լուծում։ Եվ դրա տարբերակներն էլ կան, ընդ որում մամուլում փորձագիտական հանրության մեջ հնարավոր բոլոր տարբերակները քննարկված են։ Հիմա այդպիսի տարբերակ չկա, որ ես ասեմ և պարզվի, որ մեր մամուլում այդ տարբերակի հնարավորության մասին չի քննարկվել։ Ո՞ր տարբերակը կլինի, ես ձեզ ուղիղ առանց խորամանկությունների ասում եմ, որ չկա ոչ մի պայմանավորվածություն։ Երբ որ կլինի արդյունքը կերևա հանրաքվե պետք է թե չէ»,–ասաց նա։