ՀՀ Ազգայի ժողովի դիմաց բողոքի ակցիա իրականացնող արցախցիներին լսելու համար նրանց մոտեցան «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը և նույն խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը։
Նշենք, որ արցախցիները պահանջում են ԱԺ խմբակցություների ղեկավարների հետ հանդիպում, ԱԺ-ում օրենքով նախատեսված խորհրդարանական լսումների նշանակում, ինչպես նաև բռնի տեղահանված արցախահայության կարգավիճակի, սոցալական հարցերի և բնակապահովման ծրագրի հետ կապված հստակ լուծումներ։
«Վերածնվող Արցախ» ՀԿ նախագահ Անաստաս Իսրայելյանը ընդդիմության ներկայացուցիչներին հայտնեց իրենց մտահոգությունները Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարությունների ֆոնին, երբ նա ասել էր, թե Գանձասարն ու Դադիվանքը «հին աղվանական քրիստոնեական ժառանգության անբաժանելի մասն են»։ Մինչդեռ Երևանը ոչ միայն համապատասխան արձագանք չի տալիս, այլ մինչ օրս արցախցիները Հայաստանում չունեն հստակ կարգավիճակ։
Իսյարելյանը անդրադառնալով իշխանություններին, կոչ արեց երեսով չտալ, որ արցախցիների համար 800 մլրդ դրամ է տրամադրել. «Դուք փոխհատուցեք մեր ունեցվածքը Արցախում, պետք չի ձեր 800 միլիարդը։ Փոխհատուցում տվեք, ինքը դրանով բնակարան էլ կառնի, իր իրավիճակն էլ կբարելավի Հայաստանում։
4 ամիս է միայն իրենց հարցերի մասին են խոսում, ե՞րբ եք տեսել, որ ժողովրդի կյանքը բարելավելու մասին խոսեն։ Մեկն ասում է՝ դու գողացել ես, մյուսն էլ ասում է՝ դու էլ թալանել ես։ Դրա համար են ձեզ ձայն տվե՞լ։ Մեզ խաբել են ու շարունակելու են խաբել, եթե հարմարվենք այս ամենին։
Այսօրվա իրավիճակում բոլորդ կզած եք, եթե կզած չլինեիք, հայ ազգը հպարտ ման կգար»,–ասաց նա։
Արթուր Խաչատրյանն իր հերթին ասաց. «Պաշտոնական Հայաստանի արձագանքը Հաջիևին մեզ համար ընդունելի չէ։ Մենք մեզ հասանելի միջոցներով արձագանքել ենք, ավելին՝ մենք նամակ ենք գրել Մագդանելա Գրոնոյին հանդիպելու խնդրանքով։ Մենք գտնում ենք, որ Հայաստանի իշխանությունները պետք է շատ կոշտ արձագանքեին Հաջիևին։ Եթե Փաշինյանն ասում է Մատենադարանն արձագանքել է, ապա գուցե Մատենադարանի տնօրենին տանենք դնենք ԱԳ նախարար, իսկ ներկայիս ԱԳ նախարարը թող գնա առևտրով զբաղվի»։
Նա ընդգծեց, որ եթե այսօր Ադրբեջանում խոսում են Արցախի եկեղեցիների ու վանքերի մասին, դրանք անվանելով աղվանական, ապա վաղը Երևանի եկեղեցիներին են անդրադառնալու։
Ինչ վերաբերվում է արցախցիների վերադարձի իրավունքին, Խաչատրյանը շեշտեց, որ այդ հարցը միշտ պետք է լինի օրակարգում։
Լիլիթ Գալստյանն էլ իր հերթին նշեց, որ սեպտեմբերի 23–ին կազմակերպված է աշխատանքային քննարկում, որին հրավիրված են ՀՀ այն գերատեսչությունները, որոնք այս կամ այն ձև առնչվում են արցախցիների խնդիրներին՝ ԱԺ պատգամավորներ, ՀԿ ներկայացուցիչներ, ԵԽ ներկայացուցիչներ։
«Սեպտեմբերի 23-ին, ժամը 14.00-ին, 334 սենյակում պետք է նորից լսենք այդ խնդիրները, ախտորոշենք և տանք լուծումներ։ Ես հանձնաժողովի նախագահն եմ, մեր խմբակցությունը փոքրամասնություն է, և ես վստահ չեմ, որ բոլոր արձանագրված խնդիրներին կտրվեն լուծումներ, բայց մենք չենք կարող չօգտվել այդ մեխանիզմից»,–ասաց նա։
Գալստյանն ընդգծեց, որ արցախցիների վերադարձի իրավունքը չի կարող ջնջվել իրենց ուժի քաղաքական օրակարգից։











