Ի՞նչ կանի իշխանությունը, եթե ընդդիմությունը չվերցնի մանդատները: Ի՞նչ կլինի, եթե մանդատները վերցնեն , ի՞նչ անի ընդդիմությունը այս դեպքում: Այս հարցադրումների վերաբերյալ իր մտորումներն ու հնարավոր լուծումներն է ներկայացրել ՀՀ արդարադատության նախկին նախարար, ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը։
Նա, Facebook–ի իր էջում, մասնավորապես, նշել է. «Քանի որ հանրային տիրույթում չեն դադարում քննարկումներն առ այն, թե պետք է վերցնել մանդատները, թե ոչ, գնալ խորհրդարան, թե ոչ, ուզում եմ մի քանի թեզերի անդրադառնալ, որոնք այս օրերին քննարկվում են։
Միանգամից ասեմ, որ ընդդիմությունը լավ լուծում չունի, ընդդիմությունը իսկապես բարդ վիճակում է գտնվում և ցանկացած որոշման դեպքում էլ միևնույն է վճարելու է բավականին բարձր քաղաքական գին։ Բայց շատ կարևոր է, որ որոշումները, որոնք կայացվում են, լինեն ոչ թե արտաքին ազդակներով պայմանավորված, այլ քաղաքական որոշումներ, որոնք կկոմունիկացվեն շատ ազնիվ ու հասուն կերպով սեփական ընտրողների հետ։
Հիմա, ի՞նչ թեզեր են նետվել քարոզչական դաշտ։ Մասնավորապես, որոշ իրավաբաններ ասում են, որ եթե մանդատները չվերցնեք, Նիկոլ Փաշինյանը օրենսդրական փոփոխություններ կնախաձեռնի կամ կդիմի Սահմանադրական դատարան և դրա արդյունքում մանդատները կտա ավելի փոքր ուժերի։ Ես այդ սցենարը, մեղմ ասած, իրատեսական չեմ համարում, հատկապես այն բանից հետո երբ նաև իշխանական դաշտից այդ քարոզչական թեզը նետվեց դաշտ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից։
Նա ասաց՝ դուք չեք գա, ուրիշները կգան։ Սա իրականում կարծես թե քարոզչական փրկօղակ է ընդիմությանը, որ վերցրեք, սրանով հիմնավորեք և եկեք, բայց ես սա իրատեսական չեմ համարում, անգամ կարող եմ ասել՝ բացառում եմ, որովհետև Նիկոլ Փաշինյանը երբևէ կարմիր գիծ չի խախտի ինքն իր նկատմամբ ու իր քարոզչական թեզերի նկատմամբ։
Իսկ սա ամենակարևոր թեզն է՝ ընտրությունների արդարության լեգիտիմության թեզը, որովհետև այս սցենարի դեպքում կնշանակի օրենքով կամ Սահմանադրական դատարանի որոշմամբ կեղծել կամ նկարել ընտրությունների պատկերը, աղճատել, ամբողջությամբ խեղաթյուրել ընտրողների կամքը։ Սա այնպիսի ստվեր կնետի, այնպես կաղճատի ամբողջ լեգիտիմության պատկերը, որ այլևս հնարավոր չի լինի անգամ խոսել, թե այդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ով ինչ քվե է ստացել, ինչքան մանդատ և ինչպես է այս ամբողջը բաշխվել։
Ես ավելի իրատեսական կհամարեի, եթե մի հրաշքով ընդիմությունը չվերցնի մանդատները, բոլորը բացարկ հայտնեին, ապա դրսում գտնվող ընդդիմությունը ամեն կերպ կճնշեր և կդեմորալիզացներ իշխանությունը, արդյունքում կգնար վեց ամիս կամ մեկ տարի հետո արտահերթ ընտրությունների և այնտեղ կձևավորեր բոլորովին այլ պատկերով խորհրդարան։
Քանի որ ես ենթադրում եմ, որ ավելի հակված են վերցնելու մանդատները, այստեղ մի կարևոր բան եմ ուզում քննարկել. երբ խոսվում է ընտրությունների համատարած ընտրակեղծիքների մասին, երբ, օրինակ, «Ուժեղ Հայաստան» դաշինքի դե յուրե անդամ «Ապրելու երկիր» կուսակցությունն ասում է, որ կառավարության ձևավորումը չեն համարում լեգիտիմ, եթե այսպիսի խոսույթ է գեներացվում, ապա քննարկել առհասարակ մանդատ վերցնելու հարցը, այդպիսի համատարած ընտրակեղծիքների դեպքում, մեղմ ասած տրամաբանական չի։
Բացի դա, պետք չի քննարկել նաև այն թեզը, թե 3/5–ի համար իշխանությանը ձայներ են պակասում, որովհետև մենք տեսել ենք, որ շատ հանգիստ կերպով մարդիկ գնում են և գաղտնի քվեարկությունների ժամանակ քվեարկում են նրանց օգտին, ում օգտին, որ իրենք ուզում են։ Ոչ ոք չի էլ իմանում անգամ որ մի ընդդիմադիրը ում ձայն տվեց։ Նաև անլուրջ եմ համարում իշխանական պատգամավորներին այս կողմ բերելու թեզը, ես ավելի լուրջ կհամարեմ այն քննարկումը, որ ընդդիմության առաջնորդները հանրային երաշխավորություն ստանձնեն իրենց ցուցակների պատգամավոր գնացող մարդկանց քաղաքական ամրության ու հուսալիության համար, երաշխավորեն, որ նրանք չեն լինելու այն պակասող ձայները։ Սա ավելի առարկայական, բաց խոսակցություն կլինի, քան ինչ-որ հորինված քարոզչական թեզեր տարածելը»։
Նշենք, որ ըստ ընտրությունների վերաբերյալ ԿԸՀ–ի նախնական տվյալների ձայները բաշխվել են հետևյալ կերպ.
· «Քաղաքացիական պայմանագիր»՝ 49, 825 տոկոս
· «Ուժեղ Հայաստան»՝ 23,281 տոկոս
· «Հայաստան» դաշինք՝ 9, 934 տոկոս
· «Բարգավաճ Հայաստան»՝ 3,996 տոկոս:
ԱԺ անցնելու համար անցողիկ շեմը 4 տոկոսն է և եթե վերահաշվարկի արդյունքում ԲՀԿ ձայները հասնեն 4 տոկոսի, ապա ԲՀԿ–ն ևս կհայտնի նոր Ազգային ժողովում ։ Մյուս երեք ուժերը հաստատ կլինեն նոր խորհրդարանում։











