Նախնական տեղեկությունների համաձայն՝ երեկ ժամը 19:26-ին կայծակի հարվածի հետևանքով ստացվել է այն պատկերը, որը հիմա տեսնում ենք․ կամրջի երթևեկելի հատվածն ամբողջությամբ պիտանի չէ շահագործման համար։ Այս մասին հունիսի 12-ին լրագրողների հետ զրույցում հայտնել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, որը ժամանել էր դեպքի վայր՝ ավերածությունների ծավալը գնահատելու համար։ Գերատեսչության ղեկավարը նշել է, որ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի, Ճանապարհային վարչության ներկայացուցիչների և Կոտայքի մարզպետարանի աշխատակիցների հետ արդեն անցկացվել է իրավիճակի օպերատիվ քննարկում։ Խուդաթյանն ընդգծել է, որ առաջնահերթ խնդիրը երթևեկության լիարժեք վերականգնման համար ժամանակավոր լուծման որոշումն է, քանի որ այս պահին երթևեկությունը կազմակերպվել է հանդիպակաց գոտիներից մեկով։

Հաշվի առնելով միջպետական նշանակության Մ-4 ռազմավարական մայրուղու կարևորությունը և ամառային զբոսաշրջային սեզոնի մեկնարկը, երբ երթևեկությունը դառնում է առավել ինտենսիվ, մենք կգործենք ոչ ստանդարտ մրցութային ընթացակարգերով, ընդգծել է Դավիթ Խուդաթյանը։ Նա պարզաբանել է, որ նախարարությունն անհապաղ կպատվիրի վերակառուցման նախագիծը՝ շրջանցելով ավանդական երկարատև մրցույթները, որպեսզի արագ անցնի շինարարական փուլին։ Խուդաթյանի խոսքով՝ Ճանապարհային վարչության մասնագետներն ու երկրի առաջատար կամրջաշինարարներն արդեն ձեռնամուխ են եղել կոնստրուկցիաների մանրամասն ուսումնասիրությանը։ Նախարարը հավելել է, որ կետային նորոգումն անհնար է՝ կրող տարրերի լուրջ կառուցվածքային փոփոխությունների պատճառով, ուստի փորձաքննության արդյունքներով որոշում կկայացվի կա՛մ արմատական վերակառուցման, կա՛մ ամբողջական ապամոնտաժման և նոր կամրջի կառուցման մասին։ Խուդաթյանը ամփոփել է, որ առկա տվյալներով արտակարգ պատահարի հետևանքով տուժածներ չկան, իսկ աշխատանքների ֆինանսական արժեքը պարզ կլինի նախագծի պատրաստ լինելուց հետո, սակայն կառավարության համար դա խոչընդոտ չէ։

Հիշեցնենք, որ Չարենցավանից ոչ հեռու՝ Երևան–Սևան ավտոճանապարհին, հունիսի 11-ին ժամը 19:26-ին կայծակի հարվածից փլուզվել է կամուրջը։ Նախնական տվյալներով՝ վնասվել է երեք ավտոմեքենա, ներկայում երթևեկությունը կազմակերպվում է հանդիպակաց ուղղությամբ՝ մեկ գոտով։