ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, թե ինչ համատեքստում պետք է դիտարկել ընդդիմության հասցեին իր կողմից հնչող պարբերական սպառնալիքները։
Հունիսի 18-ի ճեպազրույցի ժամանակ Փաշինյանին հարց են ուղղել այն մասին, թե արդյո՞ք բանը կհասնի ֆիզիկական ոչնչացման, ինչին ի պատասխան վարչապետը վստահեցրել է, որ բոլոր հայտարարությունները պետք է դիտարկել բացառապես Հայաստանի օրենսդրության և Սահմանադրության շրջանակներում։ Իսկ թե օրենքի շրջանակներում ում հարցերն է արդեն հասցրել «լուծել», Փաշինյանն ասել է, որ արդեն չի էլ հիշում։ «Ի նկատի ունեմ քաղաքական իմաստով. զրոյացնել ապօրինի քաղաքական ազդեցությունը։ Հայաստանում ընտրակաշառքով քվեարկությունը պետք է բացառվի»,- հայտարարել է Փաշինյանը։
Անդրադառնալով իր նախորդ օրվա հայտարարությանը, ըստ որի՝ ընտրողների 70 տոկոսը քվեարկել է կաշառքով, և հարցին՝ արդյո՞ք պատրաստվում է բանտարկել նաև նրանց, Փաշինյանը մատնանշել է քրեական գործերը։ «Վրդովվեցուցիչ փաստ է, որ 2021 թվականի գործերով մեղադրյալներից ոչ մեկը նստած չէ։ Ես ասում եմ, որ հաջորդ ընտրությունների արդյունքների ամփոփման օրը նրանք պետք է անցկացնեն բանտում։ Այլապես ստացվում է, որ դատական համակարգը կանաչ լույս է տալիս ընտրակաշառք բաժանողներին»,- հայտարարել է Փաշինյանը՝ հավելելով, որ անհրաժեշտ է պարզել, թե ինչ հիմքերով են կարճվել այդ գործերը։ Այն հարցին, թե արդյո՞ք կարծում է, որ երկրում իրենից դժգոհ քաղաքացիներ չկան, վարչապետը ենթադրել է, որ այդ դժգոհողներն էլ կարող էին գումարով քվեարկած լինել. մեկը մյուսին չի բացառում։
Ըստ վարչապետի՝ այս անգամ ընտրակաշառքի լայն համակարգ է գործել, քանի որ նախորդ ընտրություններին ընտրողներին կաշառած անձինք այդպես էլ չեն պատժվել։ «Գնահատական տալ պետք է։ Քաղաքական գնահատականը ես կտամ, իսկ իրավականը թող տա իրավապահ համակարգը։ Բայց ակնհայտ է, որ դատաիրավական համակարգի ճգնաժամ կա»,- հայտարարել է Փաշինյանը՝ չբացառելով կոնկրետ անձանց անհատական պատասխանատվությունը։
Հարևան երկրում «Արևմտյան Ադրբեջանի» թեմայի շուրջ շարունակվող քննարկումների մասին հարցին Փաշինյանը հարմար գտավ պատասխանել ընդդիմությանը հասցեագրված մեղադրանքով։ Նրա կարծիքով՝ դա հայաստանյան ընդդիմության վարքագծի արձագանքն է, սակայն դա «որևէ կապ չունի իրականության հետ»։











